ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալն ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի փորձագետ Ռեիդար Հեջերմանին

01/06/2016

Երեխաների պաշտպանության օրվան ընդառաջ ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչներ Հայկ Խեմչյանին, Ջորջ Աբաջյանին և գնահատողական այցի շրջանակում Երևանում գտնվող փորձագետ, Նորվեգիայում երեխաների իրավունքների նախկին պաշտպան Ռեիդար Հեջերմանին, որի այցելության նպատակը երեխաների նկատմամբ բռնության խնդիրների գնահատումն ու արձագանքման մեխանիզմների առաջարկումն է համապատասխան իրավասու կառույցներին:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երեխաների իրավունքների համակարգին առնչվող մի շարք հարցերի՝ օրենսդրության մակարդակում երեխաների արդարադատության մատչելիության բարելավմանը, մասնագիտացված կառույցների գործունեությանը, ծառայությունների մատուցման հասանելիությանը և երեխաների իրավունքների խախտման դեպքերի մոնիտորինգի մեխանիզմների ներդրմանն ու զարգացմանը:

 Արդարադատության նախարարի առաջին տեղակալն ընդգծել է, որ նախարարության օրենսդրական նախաձեռնություններում հատուկ ուշադրություն է դարձվում երեխայի իրավունքի պաշտպանության լավագույն շահին ուղղված մեխանիզմների ներդրմանը: Այդ համատեքստում Արսեն Մկրտչյանը կարևորել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում դատավորներին նոր գործիքակազմով օժտելուն ու վարույթների հատուկ ընթացակարգեր սահմանելուն ուղղված աշխատանքները: Նախարարի առաջին տեղակալը ՀՀ ընտանեկան օրենսգրքում նախատեսվող փոփոխություններից  կարևորել է նաև խնամատարության ինստիտուտի ներդրումը, որի հիմքում դրված է երեխայի՝ ընտանիքում մեծանալու գաղափարը: 

Արսեն Մկրտչյանն անդրադարձել է CRC-երեխաների իրավունքների պաշտպանության կոմիտեի գործունեությանը և կարևորել երեխաների պաշտպանության կոմիտեի զեկույցի առաջարկներն ու դրանցում տեղ գտած լավագույն մեխանիզմները ներդնելու պատրաստակամություն հայտնել:

Հանդիպման ավարտին Ռեիդար Հեջերմանը ևս պատրաստակամություն է հայտնել իր ուժերը ներդնել երեխաների իրավունքների պաշտպանությունը Հայաստանում առավել ամրապնդելու և հուսալի դարձնելու գործում: