Վերապատրաստման դասընթաց` պետական մարմինների ՏԱ պատասխանատուների համար
10/06/2016
«Եվրոպայում Անվտանգության և Համագործակցության Կազմակերպության» երևանյան գրասենյակի և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության նախաձեռնությամբ, հունիսի 9-10-ը տեղի է ունեցել «Տեղեկատվության ազատությունը որպես պետական մարմինների թափանցիկությունը և պետական ծառայողների բարեվարքությունը խթանելու գործիք» թեմայով պետական մարմինների տեղեկատվության ազատության պատասխանատուների համար նախատեսված վերապատրաստման եզրափակիչ դասընթացը:
Դասընթացին մասնակցել են ՀՀ ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Շուշան Դոյդոյանը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ժողովրդավարացման բաժնի ղեկավար Դեյվիդ Գուլլետտը, Գործակալության վարչական վարույթների իրականացման բաժնի պետ Գևորգ Հայրապետյանը, ՀՀ պետական կառավարման մարմինների տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատուներ, փորձագետներ, իրավաբաններ:
Վերապատրաստման նպատակն էր ոչ միայն լրացնել ՏԱ օրենքի վերաբերյալ համապատասխան ոլորտի մասնագետների գիտելիքները, այլ նաև քննարկման ընթացքում բացահայտել, թե որոնք են ՏԱ օրենքում առկա այն հիմնական խոչընդոտները, որոնք աշխատանքային պրակտիկայում առաջացնում են որոշակի խնդիրներ, ինչպես տեղեկատվություն հայցողի, այնպես էլ տեղեկատվություն տնօրինողի համար:
Շուշան Դոյդոյանը շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակին աջակցության համար և նշել, որ այս քննարկումները, առաջարկությունները և հնչեցված կարծիքները միայն օգտակար կլինեն օրենքի լիարժեք կիրառման, առկա թերությունների վերհանման և բարեփոխման համար:
Շուշան Դոյդոյանը նաև անդրադարձել է տեղեկատվություն ստանալու և տրամադրելու եղանակներին, տեղեկատվության տրամադրման մերժման հիմքերին և բողոքարկման կարգին:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ժողովրդավարացման բաժնի ղեկավար Դեյվիդ Գուլլետտը, ողջունելով աշխատանքային քննարկման մասնակիցներին, կարևորել է տեղեկատվության ազատության պատասխանատուների համար կազմակերված նման աշխատանքային հանդիպումներն ու ընդգծել, որ այն կնպաստի օրենքը լիարժեք կիրառելուն և ԶԼՄ-ների ու հասարակության հետ փոխգործակցությունը զարգացնելուն:
Վերապատրաստման դասընթացի շրջանակում բանախոսները նաև ներկայացրել են տեղեկատվության ազատության իրավական հենքին, տեղեկատվության տրամադրման օբյեկտներին ու սուբյեկտներին, ՏԱ օրենքի շրջանակում առկա պետական կառավարման համակարգում հաշվետվողականությանը և թափանցիկության ապահովմանը, ինչպես նաև կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը վերաբերող թեմաներ:
Քննարկման ընթացքում դասընթացի մասնակիցները ներկայացրել են իրենց առաջարկները՝ դրանք՝ ՀՀ տեղեկատվության ազատության մասին օրենքում նախատեսվելիք փոփոխություններում ընդգրկելու նպատակով: