ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը դիպլոմներ է հանձնել PR դպրոցի շրջանավարտներին
16/06/2016
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր PR դպրոցի 3-րդ հոսքի շրջանավարտների վերջին դասն է վարել և նրանց դիպլոմներ հանձնել:
Նախարարը, կարևորելով PR մասնագետների դերը հանրային կարծիք ձևավորելու գործում, ընդգծել է, որ գրագետ և տեղեկացված մասնագետները կարող են ազդել որոշումների կայացման գործընթացի վրա: Նրա խոսքով՝ 21-րդ դարում հասարակական-քաղաքական հարաբերություններն առանց հանրության հետ սերտ ու ազնիվ կապերի դժվար է պատկերացնել, իսկ դրանք ապահովելու պատասխանատվությունը հանրային կապերի մասնագետներինն է:
Հարցին, թե որն է հաջողության հասնելու գրավականը, Արփինե Հովհաննիսյանը պատասխանել է. «Ինձ համար միշտ ուղենիշային է եղել այն միտքը, որ կարևորը ոչ թե հաջողության հասնելն է, այլ դրան արժանանալը, և էականը ոչ թե հաջողակ, այլ՝ արժեքավոր մարդ լինելն է»:
«Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ նախագահ, Աստղիկ Ավետիսյանի խոսքով՝ գրագետ PR մշակույթ ձևավորելու լավագույն, և, թերևս, ամենակարճ ուղին լավ կրթության ապահովվումն է: «Այս անգամ ունեցել ենք 109 դիմորդ, որոնցից միայն 15-ն է ընդունվել: Մենք կարևորում ենք դիմորդի մոտիվացիան, մասնագիտության նկատմամբ հետաքրքրությունը, լրացուցիչ գիտելիք ստանալու ցանկությունը», - ասել է Աստղիկ Ավետիսյանը:
Հանդիպման ընթացքում արդարադատության նախարարը պատասխանել է PR դպրոցի սաներին հուզող հարցերին՝ հնարավորություն տալով մասնակիցներին ծանոթանալու նախարարության գործունեությանն ու գործառույթներին: