Արփինե Հովհաննիսյանը մասնակցել է «Հայաստանի Հանրապետությունում ներդրումների իրավական ասպեկտները» թեմայով փարիզյան համաժողովին
29/06/2016
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հունիսի 28-ին մասնակցել է «Հայաստանի Հանրապետությունում ներդրումների իրավական ասպեկտները» թեմայով իրավաբանների համար նախատեսված փարիզյան համաժողովին:
Նախարարը կարևորել է նման միջոցառումների անցկացումը և նշել, որ դրանք նպաստում են կոնկրետ երկրի ներդրումային դաշտի վերաբերյալ պատշաճ տեղեկատվություն ստանալուն և պոտենցիալ ներդրողների կողմից ճիշտ որոշումներ կայացնելուն:
Նախարարն իր ելույթում անդրադարձել է օտարերկրյա ներդրումների համար նախատեսված օրենսդրական հենքերին և ներդրված մեխանիզմներին, այնուհետև ներկայացրել տնտեսության մի շարք ոլորտներ, որոնք առավել գրավիչ են պոտենցիալ ներդրողների համար, ինչպես նաև անդրադարձել է օտարերկրյա ներդրումների համար հայաստանյան շուկայի ներուժին՝ պայմանավորված թե՛ ԵԱՏՄ անդամակցությամբ, և թե ԵՄ հետ գործող GSP+ համաձայնագրով ընձեռնված հնարավորություններով:
Իր խոսքում նախարար Արփինե Հովհաննիսյանը մատնանշել է նաև, որ ԱՊՀ անդամ պետությունների շարքում Հայաստանը ներդրումների համար ամենաազատ երկրներից մեկն է: Համաշխարհային բանկի «Doing Business» 2016 թվականի գնահատման ինդեքսում Հայաստանը բարելավել է իր դիրքերը՝ զբաղեցնելով 35-րդ տեղը:
Նախարարի խոսքով՝ Հայաստանի Հանրապետության ներդրումային քաղաքականությունը Հայաստանի կառավարության առանցքային ուղղություններից է: «Արդյունավետ ներդրումային քաղաքականություն իրականացնելու նպատակով Հայաստանը հայտարարել և վարում է «բաց դռների» քաղաքականություն՝ չկիրառելով գրեթե ոչ մի սահմանափակում ներդրումային գործունեություն ծավալողների նկատմամբ և դա երաշխավորված է ՀՀ Սահմանադրությամբ ու օրենքներով»,- ասել է Արփինե Հովհաննիսյանը: