Տեղի է ունեցել Անչափահասների արդարադատության խորհրդի հերթական նիստը

08/07/2016

  Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի գլխավորությամբ հուլիսի 8-ին տեղի է ունեցել  Անչափահասների արդարադատության խորհրդի հերթական նիստը:

  Խորհուրդը ստեղծվել է Արդարադատության նախարարության և Միավորված Ազգերի կազմակերպության Մանկական հիմնադրամի հետ համատեղ իրականացվող «Երեխաների համար արդարադատության մատչելիության  բարելավում Հայաստանում» ծրագրի շրջանակներում:

  Ողջունելով ներկաներին՝  Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը  բարձր է գնահատել նորաստեղծ խորհրդի աշխատանքները և նշել, որ տարիներ շարունակ անչափահասների արդարադատության ոլորտը եղել է Արդարադատության նախարարության ուշադրության կենտրոնում: Նրա խոսքով՝  խորհուրդը ստեղծել է մի հարթակ, որի գլխավոր նպատակն է համատեղ ջանքերի օգնությամբ անչափահասների արդարադատությունը  դարձնել առավել արդյունավետ: 

  Փոխնախարարը տեղեկացրել է, որ միջազգային և ազգային փորձագետների ներգրավմամբ իրականացվել է  օրենսդրության  վերլուծություն երեխաների իրավունքների պաշտպանության բարելավման  և երեխայամետ արդարադատության զարգացման տեսանկյունից և ներկայացրել առաջարկությունների համապատասխան փաթեթը՝ ընդգծելով, որ ազգային և միջազգային փորձագետների կողմից  նախագծվել է հետագա  գործողությունների պլանը:

  Նիստի ընթացքում ՀՀ Արդարադատության նախարարության «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գայանե Հովակիմյանը  ներկայացրել է 2015 թվականին համակարգում իրականացված ծրագրերը, օրենսդրության վերլուծությունը՝ երեխայի շահերի կամ իրավունքների պաշտպանության տեսանկյունից և ոլորտի վիճակագրությունը:

  Հանդիպման ընթացքում ՀՀ Ոստիկանության և հետախուզության վարչության 3-րդ վարչության պետ, գնդապետ Նելլի Դուրյանը և «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանը ներկայացրել են անչափահասների հանցավորության կանխարգելման ռազմավարության նախագիծը՝ իրականացված ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ:

   Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի Երեխաների պաշտպանության ծրագրերի պատասխանատու Ջորջ Աբաջյանը և Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի Երեխաների պաշտպանության բաժնի ղեկավար Հայկ Խեմչյանը խորհրդի անդամներին հանգամանալի ներկայացրել են ԵԻԿ (Երեխաների իրավունքների կոմիտե) առաջարկությունները և հանձնարարականները՝ անչափահասների արդարադատության ոլորտի վերաբերյալ:

  Հանդիպման ավարտին կողմերը նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել ակտիվացնել միջգերատեչական համագործակցությունը և պետություն-քաղաքացիական հասարակություն համագործակցությունը անչափահասների արդարադատության ոլորտին առնչվող հարցերի շուրջ: