Արդարադատության նախարարն ընդունել է ԱՄՆ փոխդեսպանին ու ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության նորանշանակ տնօրենին
23/08/2016
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը օգոստոսի 23-ին ընդունել է ԱՄՆ փոխդեսպան Ռաֆիկ Մանսուրին և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության նորանշանակ տնօրեն Դեբորա Գրիզերին: Հանդիպմանը ներկա է եղել նաև արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը:
Ողջունելով հյուրերին՝ նախարարը շնորհավորել է Դեբորա Գրիզերին նշանակման կապակցությամբ, բարձր գնահատել ԱՄՆ դեսպանատան և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) հետ ներկայիս համագործակցությունը և շարունակական արդյունավետ աշխատանքի հույս հայտնել:
Արփինե Հովհաննիսյանն անդրադարձել է ներկայում USAID-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին, Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի աշխատանքներին՝ մասնավորապես ներկայացնելով ապօրինի հարստացման քրեականացմանն ու իրական սեփականատերերի գրանցմանը վերաբերող օրենսդրական կարգավորումները:
Հանդիպման ընթացքում փոխդեսպան Ռաֆիկ Մանսուրը նշել է, որ ԱՄՆ դեսպանությունը մեծապես արժևորում է Արդարադատության նախարարության հետ ամուր գործընկերությունը: Նրա խոսքով՝ դեսպանության մի քանի գրասենյակներ և ստորաբաժանումներ, մասնավորապես՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, Մշտական իրավախորհրդատուի գրասենյակը և Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակը կանոնավոր և սերտորեն գործակցում են նախարարության հետ բազմաբնույթ ծրագրերի, այդ թվում՝ հակակոռուպցիոն նախաձեռնությունների շրջանակում: Փոխդեսպանը կոչ է արել նախարարությանը շարունակել իր առաջատար դերակատարումը կոռուպցիայի դեմ պայքարում, քանզի կոռուպցիան Հայաստանի տնտեսական զարգացման ու ժողովրդավարայնացման ճանապարհին առկա հիմնական մարտահրավերն է:
Դեբորա Գրիզերը բարձր է գնահատել իրականացված ծրագրերը, նկատելի արդյունքներն ու շնորհակալություն հայտնել ՀՀ արդարադատության նախարարությանը հասարակական սեկտորին հակակոռուպցիոն աշխատանքներում ակտիվ ներգրավելու համար:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնել նախարարության և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) հետ համագործակցությունը: