Արդարադատության նախարարն աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր
31/08/2016
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը օգոստոսի 31-ին աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր:
Նախարարի առաջին կանգառը Արմավիրի մարզպետարանն էր, ուր մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ հանդիպումից հետո Արփինե Հովհաննիսյանը մարզպետարանի ստորաբաժանումների և մարզի տարբեր համայնքների ղեկավարների մասնակցությամբ քննարկել է արմավիրցիներին հուզող և արդարադատության նախարարության գործառույթներին առնչվող բազմաթիվ հարցեր: Վերջինները մեծամասամբ վերաբերել են օրենսդրական ակտերին՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի լրամշակված տարբերակին, Հասարակական կազմակերպությունների մասին ՀՀ օրենքի նախագծի ընդունման ժամկետներին, մարզում քաղաքացիական կացության ակտերի գրանցման ևս մեկ մարմին ունենալու հնարավորություններին և այլն: Արփինե Հովհաննիսյանը պատասխանել է բոլոր հարցադրումներին՝ հանձնարարելով իր աշխատակազմին հետևողական լինել բարձրացված խնդիրների լուծման ուղղությամբ:
Նախարարը մարզային այցի շրջանակում եղել է նաև մարզկենտրոնի ՔԿԱԳ տարածքային բաժնում, նոտարական գրասենյակներում, պետական ռեգիստրի գործակալության և ԴԱՀԿ ծառայության տարածքային բաժիններում, տեղում ծանոթացել տարածքային մարմինների խնդիրներին:
Մարզային այցի վերջին կանգառը ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկն էր, որտեղ Արփինե Հովհաննիսյանը ծանոթացել է 2015 թվականին ամբողջությամբ շահագործման հանձնված հիմնարկի բնակեցման ընթացքին, եղել բնակելի գոտում, ծանոթացել սննդի որակին և զրուցել դատապարտյալների հետ: