Պերմյակովի պատժի կրման վայրը կորոշվի բերված բողոքների վերաբերյալ դատարանների որոշումներն ուժի մեջ մտնելուց հետո
23/09/2016
![](/storage/files/news/news_7462857546111_12022431_912277562219506_8708775672777098853_o.jpeg)
Ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի պատիժը կրելու վայրը կորոշվի նրա նկատմամբ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից 23.08.2016թ. կայացված դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ ՀՀ ներպետական օրենսդրությանը և ՀՀ միջազգային պայմանագրերին համապատասխան:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ պատասխանելով հարցին, թե երբ է որոշվելու պատժի կրման վայրն ու երկիրը, հաշվի առնելով, որ Պերմյակովի պաշտպանը բողոք է ներկայացրել սահմանի հատման փորձի վերաբերյալ վճռի մասով, ԱՆ-ի վարչությունից պատասխանեցին. «Դատավճիռն օրինական ուժի մեջ մտած է համարվում միայն այն բողոքարկելու օրենքով սահմանված ժամկետները սպառվելուց հետո կամ բերված բողոքների վերաբերյալ վերաքննիչ և վճռաբեկ դատարանների որոշումներն ուժի մեջ մտնելուց հետո»:
Հարցին, թե դատավճռի հրապարակումից հետո որտեղ է գտնվում ցմահ ազատազրկման դատապարտված Վալերի Պերմյակովը, վարչությունից պատասխանեցին, որ ռուսական ռազմաբազայի տարածքում. «Պերմյակովը դատավճռի հրապարակումից հետո ներկայումս գտնվում է նույն վայրում, որտեղ և պահվում էր մինչ այդ՝ Ռուսաստանի Դաշնության 102 ռազմական բազայի տարածքում»:
Ամբողջական հոդվածը ՝ http://www.tert.am/am/news/2016/09/23/perm/2142454