Իրավապահները կարողանալու են պաշտոնյային հարցնել՝ «որտեղի՞ց քեզ այս գումարը»․ նախարար

03/10/2016

Իրավապահ մարմինները կարողանալու են հարց ուղղել պետական պաշտոնյաներին՝ ինչպե՞ս են նրանք կուտակել իրենց եկամուտները: Այս մասին այսօր «Ազատության» եթերում հայտարարեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ խոսելով պաշտոնյաների ապօրինի հարստացման հետ կապված խնդիրները կարգավորելու նպատակով կառավարության ներկայացրած օրինագծի փաթեթի մասին: Օրինագիծն Ազգային ժողովում արդեն ընդունվել է առաջին ընթերցմամբ:

Դիտարկմանը, որ, օրինակ, պետեկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյանը շուրջ 3 միլիոն դոլար էր հայտարարագրել, արդյոք հնարավոր կլինի՞ ստուգել՝ ինչպես է նա հայտարարագրել այդքան գումար, նախարարն արձագանքեց․ - «Նախ ինքս չեմ ցանկանում անձերի մակարդակով քննարկել հարցը: Հարցը ինստիտուցիոնալ է: Այդ հարցերի պատասխանը մենք իրավունք ենք վերապահում իրավապահ բլոկի մարմիններին ստանալ: Այո, նրանք կարող են հարցադրում անել պաշտոնյային՝ «որտեղի՞ց քեզ այս գումարները»: Այս հարցը կարողանալու է իրավապահ համակարգը տալ պաշտոնային»:

 

Սկզբնաղբյուրը ՝ http://www.azatutyun.am/a/28024407.html?utm_source=dlvr.it&utm_medium=facebook