Սուրեն Քրմոյանը մասնակցել է Անչափահասների արդարադատության խորհրդի արտագնա նիստին

28/10/2016

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը մասնակցել է հոկտեմբերի 27-ին մեկնարկած Անչափահասների արդարադատության խորհրդի արտագնա եռօրյա  նիստին: Այն կազմակերպել է ՀՀ արդարադատության նախարարությունը՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ համատեղ իրականացվող «Արդյունավետ համակարգում, համագործակցություն և հանրային իրազեկում հանուն երեխաների համար արդարադատության մատչելիության բարելավման» ծրագրի շրջանակներում: 

     Սուրեն Քրմոյանի գնահատմամբ, խորհուրդը ստեղծել է մի հարթակ, որի գլխավոր նպատակն է համատեղ ջանքերի օգնությամբ անչափահասների արդարադատությունը դարձնել առավել արդյունավետ: Նրա խոսքով, երբ խոսվում է անչափահասների արդարադատությունից կամ յուվենալ արդարադատությունից՝ շատերն այն շփոթում են ընտանեկան բռնության, ծնող-երեխա հարաբերությունների և տարբեր այլ խնդիրների հետ: «Իրականում անչափահասների արդարադատությունը ենթադրում է անչափահասների հանցավորության կանխարգելում ու անչափահասների արդարադատության ոլորտում առկա խնդիրներին արհեստավարժությամբ արձագանքում»,- ասել է նախարարի տեղակալը:

     ՀՀ ԱՆ «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գայանե Հովակիմյանի խոսքով, հաշվի  առնելով այն հանգամանքը, որ ներկայում տարբեր գերատեսչությունների  ներգրավվածությամբ  մշակվում են մի շարք ռազմավարություններ (Երեխայի իրավունքների պաշտպանության 2017-2021 թթ. ռազմավարություն, Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարություն, Անչափահասների հանցավորության կանխարգելման ռազմավարություն),  միասնական մոտեցմամբ  հնարավոր կլինի խուսափել  երեխաների  շահերի  պաշտպանության   տեսանկյունից  ռազմավարություններում առկա  խնդիրների կրկնությունից:

     Անչափահասների արդարադատության խորհրդի արտագնա եռօրյա  նիստին քննարկվելու են նաև անչափահասների համար (տուժող, վկա, հանցագործություն կատարած,  պատիժ կրող,  պատժի հետ առնչություն  չունեցող  պատիժ կրող)՝ համալիր  ծառայությունների  ձևավորման հարցեր՝ միջոլորտային համագործակցությամբ:

     Նիստին մասնակցում են պետական գերատեսչությունների, միջազգային և հասարակական կառույցների ներկայացուցիչներ: