ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի Հանրապետության պարբերական զեկույցները

04/11/2016

 Նոյեմբերի 4-ին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը Ժնևում մասնակցել է ՄԱԿ-ի «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման» կոմիտեի 65-րդ նստաշրջանին, որտեղ ներկայացվել են Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի կատարման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 5-րդ և 6-րդ պարբերական զեկույցները:

Բացելով քննարկումները ՀՀ արդարադատության նախարարի տեղակալը նշել է, որ կանանց իրավունքների ապահովման ոլորտում արդյունավետ քաղաքականության իրականացումը գտնվում է Հայաստանի  իշխանությունների ուշադրության կենտրոնում, ինչի մասին է վկայում նոր ընդունված Սահմանադրության դրույթները, որոնք նոր հնարավորություններ են նախատեսում կանանց իրավունքների պաշտպանության համար, ինչպես նաև նոր Ընրական օրենսգրքի համապատասխան կարգավորումները, ընտանեկան բռնության դեմ պայքարի մասին օրենքի մշակումը և ՀՀ կառավարության մի շարք այլ նախաձեռնություններ և իրականացրած միջոցառումներ:

Կոմիտեի անդամների հետ քննարկումների ընթացքում ՀՀ պատվիրակությունը տեղեկացրել է ոլորտում իրականացվող քաղաքականության հիմնական ուղղությունների և ձեռնարկված քայլերի մասին, ներկայացրել է հետագա ծրագրերի մշակման և իրագործման ընթացքը։