Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը

16/11/2016

 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նոյեմբերի 15-ին ընդունել է Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչներին և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետներին՝ քննարկելու սահմանադրական օրենքի՝ «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի նախագծին վերաբերող մի շարք հարցեր:

 Արդարադատության նախարարը բարձր է գնահատել երկու կառույցների գործընկերների հետ ներկայիս համագործակցությունը և ներկայացրել «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվող փոփոխությունները:

 Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ օրենքի նոր նախագծով վերացվում է պետական մարմինների վերահսկողությունը, փոփոխվում է կուսակցության գրանցման պահին պահանջվող անդամների թիվը,  ստեղծման պահին կուսակցության՝ տարածքային ստորաբաժանում ունենալու պահանջը և այլն: Նախարարն այս մոտեցումը գնահատել է որպես կուսակցությունների գրանցման գործընթացի հեշտացում և ընդգծել, որ ի սկզբանե, նախագծի մշակման հիմքում հենց այդ գաղափարախոսությունն է դրված եղել:

 Արփինե Հովհաննիսյանը Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչներին և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետներին տեղեկացրել է նաև, որ «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծն առաջիկայում կքննարկվի արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդում, ինչպես նաև Խորհրդարանում:  

 Հանդիպման ավարտին նախարարը պատասխանել է փորձագետներին հետաքրքրող հարցերին: