Տեղի է ունեցել «Երեխաների գործերով արդարադատության մատչելիության բարելավման» ծրագրի ամփոփիչ միջոցառումը

10/12/2016

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանն այսօր մասնակցել է Արդարադատության նախարարության և ՄԱԿ-ի մանկական հիմադրամի կողմից իրականացվող «Արդյունավետ համակարգում, համագործակցություն և հանրային իրազեկում հանուն երեխաների գործերով արդարադատության մատչելիության բարելավման» ծրագրի ամփոփիչ միջոցառմանը:

Նախարարի տեղակալը միջոցառման ներկաներին ուղղված իր ողջույնի խոսքում նշել է, որ հնարավոր չէ լիարժեք համարել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ներդրած ջանքերը՝ դրանցում չներառելով երեխաների իրավունքների պաշտպանության հարցը: Այս համատեքստում Արթուր Հովհաննիսյանը բարձր է գնահատել երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում ՀՀ արդարադատության նախարարության և գործընկեր միջազգային կազմակերպությունների միջև առկա սերտ համագործակցությունը, մասնավորապես՝ ՄԱԿ-ի մանկական հիմադրամի ներդրած ջանքերն այդ ուղղությամբ:

Արթուր Հովհաննիսյանն ընդգծել է նաև, որ անչափահասների արդարադատության մատչելիությունն ընկած է մի շարք հիմնարար բարեփոխումների և ռազմավարական ծրագրերի հիմքում, որպես այդպիսիք նշելով՝ Երեխաների իրավունքների պաշտպանության ազգային ծրագիրը, Դատական և իրավական բարեփոխումների, Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարական ծրագրերը, ինչպես նաև անչափահասների հանցավորության դեմ պայքարի ռազմավարական ծրագրի նախագիծը:

Այնուհետև Արդարադատության նախարարության ներկայացուցիչ Գայանե Հովակիմյանը միջոցառման մասնակիցներին է ներկայացրել ՄԱԿ-ի մանկական հիմադրամի հետ համատեղ իրականացված ծրագրի հաշվետվողական ամփոփիչ զեկույցը և 2015 թվականից մինչ օրս կատարված աշխատանքներն այդ ուղղությամբ՝ առանձնացնելով Անչափահասների արդարադատության խորհրդի ստեղծումը, որը ՀՀ արդարադատության նախարարության համակարգմամբ, ծառայելու է անչափահասների արդարադատության ոլորտում խնդիրների վերհանմանը, այդ ոլորտում 2017 թվականի ընթացքում նախատեսվող ծրագրերի, ռազմավարական պլանների համատեղ մշակմանը:

Միջոցառման ավարտին, Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ, տեղի ունեցավ նաև Մուղդուսյան արվեստի կենտրոնի հիմնադրման երկրորդ տարվան նվիրված «Իրավունք և հնարավորություն բոլոր երեխաներին» խորագիրը կրող հաշվետու ցուցահանդեսի բացումը: Միջոցառման ժամանակ ցուցադրվեցին կենտրոնի սաների աշխատանքները՝ գեղանկար, խեցեգործություն, քանդակագործություն, կարպետագործություն: