Քաղաքացիներին հորդորում ենք օգտվել պետծառայությունների մատուցման միասնական գրասենյակներից. ԱՆ
13/01/2017
Պետական մի շարք ծառայությունների մատուցման ընթացքում առաջացող հերթերից խուսափելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարությունը հորդորում է ՀՀ քաղաքացիներին օգտվել նաեւ պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակներից:
Դրանք արդեն գործում են Երեւանում՝ «Հայփոստ»-ի (հասցե՝ Նալբանդյան 21), «Արդշինբանկ»-ի (հասցե՝ Տիգրան Մեծի 24), «Աﬔրիաբանկ»-ի (հասցե՝ Դեղատան 6) եւ «Կոնվերս բանկ»-ի ( հասցե՝ Քաջազնունու 4/6) նշված հասցեներում, ինչպես նաեւ Գառնի համայնքի, Գյումրի (հասցե՝ Ռիժկովի 5) եւ Էջմիածին քաղաքների Մ.Մաշտոցի-2 «Հայփոստի» գրասենյակներում:
Միասնական գրասենյակներում մատուցվում են հետեւյալ ծառայությունները.
Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության սպասարկման գրասենյակների կողմից մատուցվող ծառայություններ՝
• Հասարակական կազմակերպությունների պետական գրանցում, պետական գրանցման մերժում
• Հիմնադրամների պետական գրանցում, փոփոխությունների պետական գրանցում կամ պետական գրանցման մերժում
• Անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառում եւ պետական հաշվառման մերժում
• Փաստաթղթերի պատճենահանում եւ պատճենների տրամադրում
• Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցում
• Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման վերաբերյալ տեղեկատվության տրամադրում
ՀՀ կառավարության կողմից լիազորված անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող պետական կառավարման հանրապետական մարմնի սպասարկման գրասենյակների կողմից մատուցվող ծառայություններ՝
• Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում
• Գույքի նկատմամբ իրավունքների եւ սահմանափակումների պետական գրանցման վերաբերյալ տեղեկատվության տրամադրում, այդ թվում՝ միասնական տեղեկանքի ձեւով
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության կողմից մատուցվող ծառայություններ՝
• Քաղաքացիական կացության ակտերի գրանցման վկայականների կրկնօրինակների տրամադրում
• Քաղաքացիական կացության ակտերի գրանցման առկայության կամ բացակայության մասին տեղեկանքի տրամադրում
• Ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանքի տրամադրում
• Փաստաթղթերի ապոստիլ (միջազգային վավերացում)
ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից մատուցվող ծառայություններ՝
• Օտարերկրյա պետություններ ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետությունում դատվածության եւ հետախուզման առկայության մասին տեղեկանքների տրամադրում
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության կողմից մատուցվող ծառայություններ՝
• Տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի փոխարեն նոր վկայականի տրամադրում
• Կորած հաշվառման վկայագրի փոխարեն նոր վկայագրի հատկացման կամ մաշված հաշվառման վկայագրի փոխանակում
• Մաշված, անըթեռնելի դարձած հաշվառման համարանիշների փոխարեն տառերի ու թվերի նույն հավաքածուն պարունակող նոր համարանիշների տրամադրում
• Տրանսպորտային միջոցի հաշվառման միջազգային վկայագրի տրամադրում
Պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակներ գործարկվելու են նաեւ ՀՀ բոլոր մարզերի գյուղական համայնքներում: