Արդարադատության նախարարության աշխատակիցները պարգևատրվել են նորարարական գաղափարների համար

27/01/2017

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր մասնակցել է «Հանրային նորարարություն» մրցանակաբաշխությանը: Միջոցառումը կազմակերպվել էր ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և ՀՀ կառավարության ու ՀՀ արդարադատության նախարարության հետ համատեղ իրականացվող պետական ծառայողների շրջանում հայտարարված նորարար գաղափարների մրցույթի շրջանակում:

Մրցույթի նպատակն էր օգտագործել պետական կառավարման համակարգի աշխատակիցների շրջանում կուտակված գիտելիքը և փորձը՝ աշխատանքային գործընթացներն օպտիմալացնելու և հանրային ծառայություններն առավել մասնակցային դարձնելու համար:

«Հանրային նորարարություն» մրցանակաբաշխությանը մասնակցել են նաև ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն և արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը:

Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ նմանօրինակ ծրագրերը խթան են հատկապես երիտասարդների համար, ովքեր հնարավորություն են ստանում ժամանակին համընթաց իրենց առաջադեմ գաղափարները ներմուծել նաև պետական կառավարման համակարգ: Նախարարը հավելել է, որ ՀՀ արդարադատության նախարարությունը, իրավամբ, ստանձնել է ՀՀ կառավարության ծրագրերի և նորարարական գաղափարների իրագործման առաջամարտիկի դերը, որպես օրինակ նշելով օրեր առաջ գործարկված իրավական ակտերի նախագծերի հրապարակման www.e-draft.am միասնական հարթակը, պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակների գործարկումը, էլեկտրոնային ՔԿԱԳ համակարգի, էլռեգիստրի, էլապոստիլի, էլնոտարիատի և շատ այլ ծրագրերի ու համակարգերի գործարկումը:

 «Հանրային նորարարություն» մրցանակաբաշխության ընթացքում պարգևատրվել են ՀՀ արդարադատության նախարարության մի շարք աշխատակիցներ: Մասնավորապես՝ 1-ին մրցանակի է արժանացել Նանե Հարությունյանը, 2-րդ մրցանակի՝ Աննա Հարությունյանը և Դիանա Ղազարյանը, 3-րդ մրցանակի՝ Շուշան Դոյդոյանը և հատուկ մրցանակի՝ Ժենյա Մարությանը: