Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունն ամփոփում է գործունեության երկրորդ տարին
30/01/2017
ՀՀ ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը, կարևորելով թափանցիկության ու հրապարակայնության սկզբունքների ապահովումը, հանրությանն է ներկայացնում 2016թ-ի հաշվետվությունը:
Գործակալության՝ 2016թվականի հիմնական գործունեությունն ուղղված է եղել ոլորտի հիմնական խնդիրների լուծմանը՝ անչափահասների անձնական տվյալների պաշտպանություն, տեսահսկման իրականացում, ինչպես նաև անցանկալի հաղորդագրություններ: Անձնական տվյալների պաշտպանության ոլորտի մարտահրավերներից էին նաև այս իրավունքի կայացումը և հասարակության իրազեկվածության բարձրացումը:
Նշված հիմնախնդիրները լուծելու և անձնական տվյալների պաշտպանության իրավունքի խախտումները կանխելու նպատակով Գործակալությունը 2016թ-ին մշակել է մի շարք ուղեցույցեր և կայացրել խորհրդատվական որոշումներ: Երեխաների անձնական տվյալների պաշտպանության, տեսահսկման, Ֆեյսբուքից անձնական տվյալները հեռացնելու մասին ուղեցույցները գործնական գործիքակազմ են սահմանում հասարակության լայն շրջանակների համար, իսկ անցանկալի հաղորդագրությունների և երեխաների անձնական տվյալների հրապարակման մասին խորհրդատվական որոշումներն օգնում են զերծ մնալ անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ օրենսդրության խախտումներից:
2016թ-ին Գործակալությունը «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ խորհրդատվություն է տրամադրել 343 ֆիզիկական և իրավաբանական անձանց, ստացել 1544 ծանուցում:
Նախորդ տարում Գործակալությունն արձանագրել է մի շարք հաջողված գործեր: Դրանք Գործակալության միջամտությամբ, խորհրդատվությամբ դրական լուծում ստացած գործերն են, որոնք ներառված չեն վարույթներում: Գործակալությունը 11 վարչական վարույթ է հարուցել, որոնցից 9-ի մասով կայացվել են համապատասխան որոշումներ:
Գործակալությունը մեծապես կարևորում է անձնական տվյալների պաշտպանության իրավունքի և «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի կարգավորումների մասին հանրության իրազեկումն ու կրթումը։ Հանրային իրազեկման գործառույթն իրականացվել է երեք հիմնական եղանակով՝ հրապարակումներ լրատվամիջոցներով (ներառյալ՝ սոցիալական ցանցերով), քննարկումներ և ուսուցումներ: Գործակալության նախաձեռնությամբ կամ մասնակցությամբ 2016թ-ին տեղի են ունեցել 14 աշխատանքային քննարկում և կոնֆերանս, որոնց ընթացքում ներկայացվել են անձնական տվյալների պաշտպանության ամենատարբեր հիմնախնդիրները: Իրականացվել է 363 անձանց ուսուցում, որոնցից 51-ը եղել են պետական մարմինների ներկայացուցիչներ, 260-ը՝ տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, 52-ը՝ լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
2016-ի ընթացքում Գործակալությունն անդամակցել է անձնական տվյալների պաշտպանության մի շարք հեղինակավոր եվրոպական կառույցներին ու խմբերին` համագործակցության լայն դաշտ ձևավորելով անձնական տվյալների պաշտպանության միջազգային կառույցների հետ:
Ամբողջական հաշտվետվությունը ՝ http://moj.am/storage/files/legal_acts/legal_acts_8577044455541_Annual-report-2017_ARM.pdf