Լապշինի արտահանձնումը Ադրբեջանին հակասում է բոլոր միջազգային կոնվենցիաներին. Արփինե Հովհաննիսյան

08/02/2017

Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Լապշինի արտահանձնումը Ադրբեջանին հակասում է բոլոր միջազգային կոնվենցիաներին և միջազգային իրավունքի տարրական սկզբունքներին: Այս կարծիքին է ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Նա Yerkir.am-ի հետ զրույցում պատասխանել է հայտնի բլոգերի արտահանձնմանն ու գործի իրավական հետևանքներին վերաբերող հարցերին:

- Արդյո՞ք Բելառուսը Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու որևէ իրավական հիմք ուներ:

-Միանշանակ կարելի է հայտարարել, որ՝ ոչ: Իրավական տեսանկյունից`Բելառուսը որևէ հիմք չի ունեցել, և դա ակնառու է դառնում նաև այն փաստաթղթերից ու հիմնավորումներից, որոնք մենք հնարավորություն ենք ունեցել տեսնելու: Ըստ էության` նրա նկատմամբ երկու հոդված է կիրառվել` Ադրբեջանի սահմանը ապօրինի կերպով հատելուն և հրապարակային կոչեր անելուն վերաբերող, որոնք ուղղված են տվյալ դեպքում Ադրբեջանի ազգային անվտանգության դեմ, ընդ որում` երկու դեպքում էլ շատ ծիծաղելի ծանրացնող հանգամանք է դրված: Խոսքը վերաբերում է կազմակերպված խմբի հետ այդ ամբողջն իրականացնելուն: Ակնհայտ է, որ այնտեղ ոչ մի խումբ չի եղել և ոչ էլ հրապարակային կոչեր են եղել, որակումը տրված է բացառապես պատիժն ավելի ծանրացնելու համար:

Անդրադառնալով իրավական հիմքերին՝ նախ նշեմ, որ Բելառուսը չի միացել այն կոնվենցիաներին, որոնք այս ոլորտում տարածված կիրառում ունեն: Խոսքը վերաբերում է թե՛ արտահանձնման, թե՛ դատապարտյալների փոխանցման վերաբերյալ ստրասբուրգյան կոնվենցիաներին կամ նույնիսկ` ԱՊՀ շրջանակներում գործող «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին»` 1993թ. ստորագրված Մինսկի կոնվենցիային: Նրանց միջև հանձնումը կարող էր տեղի ունենալ բացառապես նույնանուն, սակայն 2002թ. ստորագրված Քիշնևի կոնվենցիայի հիման վրա, և հենց դա է վկայում Բելառուսի Հանրապետության դատախազության հանձնման մասին որոշումը, ըստ որի՝ հանձնման միջնորդությունը ներկայացվել է ադրբեջանական կողմից՝ հղում կատարելով հենց Քիշնևի կոնվենցիային: Վերջինս պայմաններն է առաջ քաշում: Առաջինը՝ այն հանցագործությունները, որոնց համար մի կողմը մյուս կողմից պահանջում է տվյալ անձին, ըստ էության, պիտի պատժելի լինեն երկու երկրների քրեական օրենսդրությամբ: Երկրորդը վերաբերում է սահմանը հատելուն: Եթե ուշադրություն դարձնեք` Ադրբեջանի և Բելառուսի քրեական օրենսգրքերում խոսքը վերաբերում է հենց այդ երկրների սահմանը հատելուն:

-Այսինքն` Բելառուսում քրեորեն պատժելի է Բելառուսի սահմանը հատելը, ոչ թե՝ Ադրբեջանի:

-Այո, հետևապես չկա հանցագործություն Բելառուսում: Շատ հետաքրքիր, ես կասեի` քրեական իրավունքի դասական սկզբունքներին հակասող մոտեցում կա նաև նրանց գլխավոր դատախազության որոշման մեջ, որում շատ զավեշտալի ձևակերպում է արված, որ կա հանցագործության հանցակազմի առանձին հատկանիշների նկարագրության անհամապատասխանություն: Այսինքն` դատախազությունն ընդունում է, որ կա հանցակազմի և իրավաբանական որակման միջև անհամապատասխանություն: Իսկ քրեական իրավունքի դասական կանոններն ասում են, որ արարքի իրավաբանական որակումը և հանցակազմի հատանիշները պիտի մեկին մեկ համապատասխանեն, եթե այդպես չէ՝ հանձնել չի կարելի: Օրինակ` Հայաստանի պրակտիկայում եղել է դեպք, երբ հատվել է այլ երկրի պետական սահմանը, և մեզանից պահանջել են հանձնել դատապարտյալին, սակայն անձը չի հանձնվել, որովհետև Հայաստանում ուրիշ երկրի սահմանը հատելը պատժելի չէ:

Իսկ Բելառուսի գլխավոր դատախազությունն իր որոշման մեջ նշել է, որ հանցագործության առանձին տարրերի կամ արարքի որակման անհամապատասխանությունը չի կարող հիմք հանդիսանալ հանձնումը մերժելու համար, քանի որ պետք է գնահատվեն արարքի փաստական հանգամանքները, որոնք պատժելի են երկու երկրների օրենսդրությամբ:

Բայց Քիշնևի կոնվենցիայի 89-րդ հոդվածի 1-ին մասի զ) կետի համաձայն` հանձնումը չի կատարվում, եթե ծանրակշիռ հիմքեր կան ենթադրելու, որ հանձնման վերաբերյալ հարցումը կապված է, ի թիվս այլոց, նաև քաղաքական հայացքների համար անձին հետապնդելու հետ: Համանման դրույթ է պարունակում նաև Բելառուսի Հանրապետության Քրեական դատավարության օրենսգրքի 484-րդ հոդվածի 1-ին մասի 4) կետը, համաձայն որի` հանձնման վերաբերյալ հարցումը չի կատարվում, եթե նման խնդրանքի նպատակը անձի հետապնդումն է քաղաքական հայացքների համար: Սակայն, ինչպես տեսնում ենք, Բելառուսի գլխավոր դատախազության որոշման մեջ նշված հիմքերը տեղ չեն գտել:

 

Սկզբնաղբյուրը ՝ http://www.yerkir.am/news/view/123229.html