Նախարար. Կոռուպցիոն հանցագործությունների քննության արդյունքներն առանձին կներկայացվեն

02/03/2017

Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ հարուցված քրեական գործերը, դրանց ընթացքը կամ կարճման որոշումները կհրապարակվեն առանձին: Կառավարության մարտի 2-ի նիստում, ներկայացնելով «Դատախազության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն, այս մասին հայտարարել է արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

Նախարարի խոսքով՝ ՀՀ գլխավոր դատախազությունն իր կայքում մինչև ապրիլի 1-ը պետք է հրապարակի հանցագործությունների քննության վերաբերյալ հաղորդում: Այն պետք է պարունակի վիճակագրական տվյալներ նախորդ տարվա ընթացքում կատարված հանցագործությունների քննության արդյունքների վերաբերյալ, ինչպես նաև համեմատական վերլուծություններ և եզրահանգումներ: Հովհաննիսյանը նշել է, որ այս առաջարկը հակակոռուպցիոն բնույթի է և կոռուպցիոն հանցագործությունների քննության արդյունքների վերաբերյալ տեղեկությունները, վիճակագրական տվյալները, համեմատական վերլուծություններն ու եզրահանգումները պետք է ներկայացվեն առանձին:

«Արդյունքում կապահովվի իրավապահ մարմինների գործունեության թափանցիկությունը և հաշվետվողականության բարձրացումը»,- ասել է նախարարը:

 

Սկզբնաղբյուրը ՝ http://www.panarmenian.net/arm/news/233973/