Արփինե Հովհաննիսյանն ընդունել է ԱՊՀ/ՄԽՎ դիտորդական առաքելության ներկայացուցիչներին
06/03/2017
Այսօր ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ընդունել է առաջիկա խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնող ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչներին՝ Դմիտրի Գլադեյի գլխավորությամբ:
Նախարար Հովհաննիսյանը ողջունել է դիտորդներին և պատրաստակամություն հայտնել պատասխանելու ընտրական գործընթացի վերաբերյալ նրանց հետաքրքրող բոլոր հարցերին:
Դիտորդական առաքելության ղեկավարը նշել է, որ հետաքրքրությամբ են ծանոթացել ՀՀ ընտրական օրենսգրքում կատարված փոփոխություններին, մասնավորապես՝ ցանկություն հայտնելով տեղեկանալ ընտրություններում առաջին անգամ տեխնիկական սարքավորումների կիրառման գործընթացին:
Արփինե Հովհաննիսյանը դիտորդներին տեղեկացրել է, որ տեխնիկական սարքերը պիլոտային ծրագրի շրջանակներում նախապես կիրառվել են Հայաստանի որոշ համայնքներում կայացած ՏԻՄ ընտրություններում:
Հանդիպման ավարտին կողմերն առաջիկայում ևս ակտիվ համագործակցության պայմանավորվածություն են ձեռք բերել: