Ամերիկյան համալսարանում ներկայացվել է e-draft.am կայքը

15/03/2017

Հայաստանի ամերիկյան համալսարանում մարտի 14-ին ներկայացվել է ՀՀ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական նոր կայքը՝  www.e-draft.am:  

Միջոցառումը կազմակերպել էր ՀՀ արդարադատության նախարարությունը՝  ՀԱՀ Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի և Իրավագիտության մագիստրոսական ծրագրի նախաձեռնությամբ:

Հանդիպման նպատակն էր ներկայացնել կայքի հնարավորություններն ու գործիքակազմը և խրախուսել շահագրգիռ կողմերին ակտիվ մասնակցություն ցուցաբերել կայքից օգտվելու հարցում:

ՀՀ ԱՆ հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետի տեղակալ Դիանա Ղազարյանը, ներկայացնելով կայքի հնարավորությունները, որն ուղղված է գերատեսչությունների աշխատանքի թափանցիկությունն ապահովելուն, նշել է, որ կայքն էապես նպաստելու է քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությանը օրինաստեղծ գործընթացներում:

Մասնակիցները քննարկման ընթացքում կարևորել են կայքի հատկապես այն գործիքները, որոնք ինչպես համապատասխան ոլորտի մասնագետներին, այնպես էլ քաղաքացիներին հնարավորություն են տալիս ծանոթանալու տեղադրված նախագծին, կարծիքներին, ներկայացնել առաջարկություններ կամ դիտողություններ, տեղեկանալ իր իսկ կողմից ներկայացված առաջարկների ընդունման կամ մերժման մասին, ինչպես նաև օնլայն հարթակում մասնակցել տարբեր նախագծերի վերաբերյալ հանրային քննարկումներին:

Հանդիպման ընթացքում Արդարադատության նախարարության ներկայացուցիչ Աննա Հարությունյանն անդրադարձել է կայքը ստեղծելու գաղափարին և դրա  անհրաժեշտությանը, ներկայացրել կայքը գործնականում կիրառելու հնարավորությունները:

Քննարկմանը մասնակցել են նաև հասարական կազմակերպությունների ներկայացուցիչներ: