Համաձայնագիր՝ ուղղված Հայաստանում դատական արխիվային նյութերի թվայնացմանը
21/04/2017
ՀՀ արդարադատության նախարարության և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) միջև ապրիլի 21-ին ստորագրվել է համաձայնագիր՝ Հայաստանում դատական արխիվային նյութերի թվայնացման ֆինանսավորմանն աջակցելու նպատակով: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը և ԱՄՆ ՄԶԳ երևանյան գրասենյակի առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը:
Արփինե Հովհաննիսյանը բարձր է գնահատել ԱՄՆ դեսպանատան և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հետ ներկայիս համագործակցությունը և հույս հայտնել, որ առկա փոխգործակցությունը ավելի կամրապնդվի և կկրի շարունակական բնույթ:
«Դատական արխիվների թվայնացումը կարևոր գրավական է դատական համակարգի գործունեության և արդյունավետության բարձրացման համար: Համաձայնագրով նախատեսված աշխատանքների արդյունքում հնարավոր կլինի առցանց որոնել թվային ֆայլերը՝ այդպիսով կբարելավվի դատական գործերի և փաստաթղթերի վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունը և դատական համակարգի գործունեության թափանցիկությունը»,- ասել է նախարարը:
ԱՄՆ ՄԶԳ երևանյան գրասենյակի առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը ևս հատկանշական է համարել համաձայնագրի կնքումը և գոհունակությամբ նշել, որ Արդարադատության նախարարության հետ վերջին մեկ տարվա ընթացքում երկու կարևոր համաձայնագրերի ստորագրումն արդեն իսկ վկայում են հարաբերությունների բարձր մակարդակի մասին:
Նշենք, որ փաստաթղթի շրջանակում հատկացվող միջոցները կուղղվեն դատական արխիվային նյութերի թվայնացմանը, առկա համակարգում դրանց ներմուծմանը և կարողությունների զարգացամանն ու հանրային իրազեկմանը: