Մեր քաղաքացիներն օրեցօր ավելի իրազեկ են դառնում
27/04/2017
Araratnews.am ի զրուցակիցն է ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Նախարարը մեզ հետ զրույցում մանրամասներ է ներկայացնում պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակների գործարկման եւ դրա արդյունքների մասին:
Պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակի ստեղծման նպատակը ո՞րն է եղել, եւ ի՞նչ աշխատանք է կատարվել այդ ուղղությամբ:
Պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակների գործարկումը մեկնարկեց ի կատարումն դատաիրավական բարեփոխումների ռազմավարական ծրագրի և ՀՀ վարչապետի հանձնարարականի: Մեր նպատակն էր տարբեր գերատեսչությունների կողմից քաղաքացիներին մատուցվող մի շարք ծառայությունները հասանելի դարձնել հենց իրենց բնակավայրերում՝ ազատելով նրանց այդ ծառայությունների համար տարբեր մարզերից Երևան հասնելու անհրաժեշտությունից: Արդյունքում` պետական մարմինների կողմից մատուցվող 67 պետական ծառայություն այսօր հնարավոր է ստանալ նաև միասնական գրասենյակում:
Այդ ծառայությունները քաղաքացիներին հասանելի դարձնելու ուղղությամբ առ այսօր կատարել ենք մի շարք աշխատանքներ, մասնավորապես՝ իրավական հիմքեր ենք ստեղծել պետական ծառայությունները մասնավոր սեկտորին պատվիրակելու ուղղությամբ, ինչպես նաև վերապատրաստել ենք համապատասխան կազմակերպությունների աշխատակիցներին: Կառավարության որոշմամբ նաև սահմանել ենք հատուկ կնիք, որով հաստատված փաստաթղթերը հավասարազոր են այս կամ այն գերատեսչության կողմից տրված պաշտոնական փաստաթղթերին: Դրանով էականորեն կրճատեցինք այն ժամանակահատվածը, որը կպահանջվեր տվյալ փաստաթուղթը համապատասխան գերատեսչություն հասցնելու, այնտեղ կնքելու և հասցեատիրոջը հանձնելու համար:
Սկզբնաղբյուրը ՝ http://araratnews.am/mer-khaghakhacinern-orecor-aveli-irazek-en-darnum/