Վիգեն Քոչարյանն ընդունել է ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի դիտորդական առաքելության ներկայացուցիչներին

12/05/2017

 ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանն այսօր ընդունել է Երևանի քաղաքապետի և ավագանու ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով մայիսի 11-15 Երևանում գտնվող Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի դիտորդական առաքելության ներկայացուցիչներին՝ առաքելության ղեկավար Լիզա Անսալայի գլխավորությամբ:

 Դիտորդական առաքելության ներկայացուցիչները նշել են, որ  նպատակ ունեն այս ընտրություններում դիտարկել ՀՀ ընտրական նոր օրենսգրքով նախատեսված իրավակարգավորումների գործնական կիրառումը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում:

 Վիգեն Քոչարյանն առաքելության անդամներին ներկայացրել է Ընտրական օրենսգրքի հիմնական նորամուծությունները, մասնավորապես, ընտրողների մատնահետքերի միջոցով ընտրական գործընթացի վերահսկողությունը, ընտրական տեղամասերից տեսանկարահանումների ուղիղ հեռարձակումը, ընտրողների ստորագրված ցուցակների հրապարակումը:

 Դիտորդական առաքելության ներկայացուցիչների խնդրանքով արդարադատության նախարարի տեղակալն անդրադարձել է խորհրդարանական ընտրություններին և դրանց ընթացքում նոր կարգավորումների կիրառման փորձին:

 Հանդիպման ավարտին, դիտորդական առաքելության անդամների ցանկությամբ, Վիգեն Քոչարյանը ներկայացրել է նաև կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ նախարարության կողմից կատարված աշխատանքները, այն է՝ ապօրինի հարստացման քրեականացումը, հակակոռուպցիոն անկախ մարմնի ստեղծմանն ուղղված քայլերը, հայտարարագրման գործընթացի բարելավումը, կանխիկ դրամի շրջանառության սահմանափակումը, հայտարարագիր տվող անձանց շրջանակի ընդլայնումը, ազդարարների ինստիտուտների ներդնումը և այլն: