Քննարկվել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի նախագիծը

25/05/2017

 ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի մասնակցությամբ և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ)աջակցությամբ այսօր տեղի է ունեցել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում:

GIZ «Հարավային Կովկասում եվրոպական չափորոշիչներին իրավական համապատասխանեցում» ծրագրի շրջանակում անցկացվուղ հանդիպմանը մասնակցել են պետական ու մասնավոր շահագրգիռ կազմակերպությունների շուրջ երեք տասնյակ ներկայացուցիչներ:

Սուրեն Քրմոյանն ընդգծել է, որ նոր օրենքի նախագծի մշակման հիմքը  քաղաքացիական հասարակության պահանջն էր, ինչպես նաև 2003 թվականին ընդունված գործող օրենքի կիրառման ընթացքում ի հայտ եկած խնդիրները, որոնք այս օրենքի կարգավորման առարկան են հանդիսանում: Նրա խոսքով՝ նոր օրենքի նախագիծն ուղղված է մարդու իրավունքների իրացմանը, կոռուպցիայի դեմ պայքարին և մասնակցային կառավարմանը: Որպես կարևոր դրույթներ՝ նախարարի տեղակալն առանձնացրել է Էլեկտրոնային հարցումների ներդրման, տեղեկատվություն տիրապետող մարմինների կողմից պրոակտիվ քաղաքականության և տեղեկատվական ռեեստրների վարման ու հրապարակման կարգավորումները:

Փոխնախարարն անդրադարձել է նաև ամենաշատ քննարկված՝ տեղեկատվության ազատության համար լիազոր մարմնի ստեղծմանը, և նշել, որ այդ գաղափարը տեղեկատվության ազատության ոլորտում լրացուցիչ կառուցակարգեր ստեղծելու նպատակ ունի:

 Ամփոփելով խոսքը՝ Սուրեն Քրմոյանը «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի նախագծի որպես հիմնական սկզբունք նշել է, որ այն քննարկվելու և ընդունվելու է շահագրգիռ բոլոր կողմերի հետ լայն կոնսենսուսի հիման վրա:

 Այնուհետև GIZ փորձագետ Նորա Սարգսյանը մասնակիցներին ներկայացրել է օրենքի նախագծի շուրջ ՀՀ արդարադատության նախարարության և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության համատեղ աշխատանքը և օրենքի նախագծի նախապատրաստական ողջ շրջանը: 

 Գերմանական միջազգային համագործակցության ընկերության փորձագետ Օտտո Լուխտերհանդթը քննարկման մասնակիցներին ներկայացրել է օրենքի նախագծի վերաբերյալ իր դիտարկումները և նշել, որ այս նախագիծն ավելի ժամանակակից է, քան գործող օրենքը, հատկապես թվայնացման առումով, սակայն հիմքեր կան օրենքն ավելի բարելավելու: Որպես դրական առանձնահատկություններ նա նշել է պետական մարմինների կողմից տեղեկատվության տրամադրման ընթացակարգը, տեղեկատվության ստացման համար էլեկտրոնային միջոցների կիրառման դրույթը:

 Փորձագետի դիտարկումներին հաջորդել է նաև մասնագիտական քննարկում՝ օրենքի նախագծի բարելավման նպատակով: