Արդարադատության նախարարը ՎԶԵԲ-ի ներկայացուցչի հետ քննարկել է գործարարների շահերի պաշտպանի ինստիտուտ ներդնելու հարցը
27/06/2017
ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հունիսի 27-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի գլխավոր խորհրդական Անաստասիա Ռոդինայի գլխավորած պատվիրակությանը:
Նախարարը բարձր է գնահատել ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը և Անաստասիա Ռոդինայի հետ քննարկել գործարարների շահերի պաշտպանի վերաբերյալ օրենսդրության մշակման և այդ ինստիտուտի կայացման գործում բանկի հետ փոխգործակցության հնարավորությունները:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2017-2022 թթ. ծրագրով գործարար միջավայրի բարելավման և բիզնեսի շահերի պաշտպանության ոլորտում նախատեսվող բարեփոխումներից է նաև «Գործարարների շահերի պաշտպանի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակումն ու գործարարների խախտված կամ վիճարկվող իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, ինչպես նաև վեճերի լուծման նպատակով գործարարների շահերի պաշտպանի ինստիտուտ ներդնելու հարցը:
ՎԶԵԲ-ի գլխավոր խորհրդականը կարևորել է բիզնես միջավայրի բարելավմանը նպաստող այդ նախաձեռնությունը և պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանում գործարարների շահերի պաշտպանությանն ուղղված ինստիտուտ ներդնելու հարցում: Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են համագործակցության հետագա ուղղություններն ու ձևաչափը: