Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը վարպետության դաս է անցկացրել ՎիվաՍել-ՄՏՍ-ի անձնակազմի համար

30/06/2017

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հունիսի 30-ին վարպետության դաս է անցկացրել ՎիվաՍել-ՄՏՍ-ի անձնակազմի համար՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն քաղաքականությունը, բիզնես ոլորտում իրականացված բարեփոխումները, նորարական քայլերը և հարցուպատասխանի միջոցով ներկայացրել կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված վերջին զարգացումները:

Նախարարը հատուկ շեշտադրել է կառավարության նոր ծրագիրը, որում թե՛ արդարադատության, և թե՛ անմիջապես կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող դրույթները պարունակում են նորարարական լուծումներ:

Դավիթ Հարությունյանը կոռուպցիայի դեմ պայքարում հաջողություն արձանագրելու կարևոր բաղադրիչներից ﬔկն է համարել նաև մասնավոր հատվածի ներգրավվածությունը և ակտիվ դերակատարությունը: Այդ առումով նախարարը հատկանշական է համարել ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համագործակցությունն ու ընկերության՝ բիզնեսում առկա խոչընդոտների և դրանց հաղթահարման վերաբերյալ կարծիքներն ու նորարար առաջարկները լսելու պատրաստակամություն է հայտնել:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի խոսքով՝ գործունեության շուրջ տասներկու տարիների ընթացքում հեռահաղորդակցության շուկայում՝ ընկերության ձեռք բերած առաջատար դիրքերը ոչ թե պատահականության, այլ նպատակաուղղված և հետևողական աշխատանքի արդյունք են: «Այս տարիները եղել են ոչ միայն դինամիկ զարգացման, վերելքների և վայրէջքների, ոգևորության և հուսախաբության տարիներ, այլև նախևառաջ՝ գործունեության մշտադիտարկման, գնահատման և շարունակական ինքնակատարելագործման ժամանակաշրջան: Ինքնակատարելագործման ներքին մղմանը զուգահեռ պետք է կիրառվեն համապատասխանության ներքին կանոնակարգեր և նորմեր, առանց որոնց խոսք չի կարող լինել կայուն զարգացման և երկարաժամկետ հաջողության մասին», - ասել է Ռալֆ Յիրիկյանը և ընդգծել, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը պատրաստ է Արդարադատության նախարարության հետ կիսել միջազգային առաջավոր փորձի վրա հիմնված իր գործնական լուծումները՝ համապատասխան օրենսդրության զարգացմանն ու բարելավմանն աջակցելու նպատակով:

Կողմերը մտքեր են փոխանակել բաց քննարկման ձևաչափով:

Հանդիպման ավարտին ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր: