Արդարադատության նախարարությունը քննարկում է իրավաբանների համար էլեկտրոնային տեխնոլոգիաների վերաբերյալ դասընթաց ներդնելու հնարավորությունը
10/07/2017
ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հայաստանյան մի շարք բարձրագույն ուսումնական հաստատությունների իրավաբանական ֆակուլտետների և իրավաբանական կրթություն իրականացնող կառույցների ղեկավարների հետ քննարկել է ԲՈՒՀ-երում իրավունքի բնագավառում էլեկտրոնային գործիքների և տեխնոլոգիաների վերաբերյալ դասընթաց ներդնելու հնարավորությունը:
ՀՀ արդարադատության նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպման նպատակը Էլեկտրոնային կառավարման համակարգերի լայնածավալ գործարկմամբ պայմանավորված կրթական հաստատություններում ապագա իրավաբանների պրակտիկ հմտությունների կատարելագործումն է:
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը, Հայ-ռուսական համալսարանի իրավագիտության և պատմության ինստիտուտի ղեկավար Լարիսա Ալավերդյանը, Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկան Կարին Հովսեփյանը, Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը, Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը, ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Հայրապետյանը:
Նախարարության աշխատակից Աննա Հարությունյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում իրավական տեխնոլոգիաների վերաբերյալ դասընթացի ներդրման հայեցակարգային մոտեցումները, արտասահմանյան առաջատար համալսարաններում գործող ծրագրերը և ՀՀ ԱՆ առաջարկը՝ համալսարաններում դասավանդման ենթակա ծրագրերի վերաբերյալ: Մասնավորապես, առաջարկվել է պետական և մասնավոր հատվածում համապատասխան հմտություններ ունեցող իրավաբաններ պատրաստելու նպատակով բուհական ծրագրում ընդգրկել դասընթաց՝ ուղղված Mulberry էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության, Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգերի, իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքի, դատական տեղեկատվական համակարգի, մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Վենետիկի հանձնաժողովի կայքէջերի օգտագործման համար հմտությունների ու գիտելիքների ձեռքբերմանը:
ՀՀ արդարադատության նախարարի խոսքով, ապագա իրավաբանները պետք է տեղյակ լինեն նշված համակարգերից օգտվելու հնարավորություններից ու դրանք դարձնեն իրենց ամենօրյա կիրառման գործիքը: Միաժամանակ, Դավիթ Հարությունյանը ֆակուլտետների ղեկավարներին առաջարկել է օգտագործել նաև www.e-draft.am-ում իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու հնարավորությունը, որպես ուսանողների գիտելիքների և վերլուծական կարողությունների ստուգման նոր գործիք:
Հանդիպման մասնակիցները ողջունել են ՀՀ ԱՆ կողմից ներկայացված առաջարկը և պայմանավորվել համատեղ ծրագիր մշակել՝ ուղղված իրավական տեխնոլոգիաների վերաբերյալ դասավանդման ենթակա ծրագրերի ներդրմանը: