Մարդու իրավունքների պաշտպանությունը կառավարության առաջնահերթություններից մեկն է. ՀՀ վարչապետ

02/08/2017

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանության 2017-2019 թվականների գործողությունների ծրագրի համակարգող խորհրդի առաջին նիստը: 
Վարչապետը նշել է, որ մարդու իրավունքների պաշտպանությունը հանդիսանում է կառավարության գործունեության հիմնական ուղղություններից և առաջնահերթություններից մեկը: «Դա բնական է, քանի որ մեր երկրի Սահմանադրությամբ՝ մարդու իրավունքների հարգումն ու պաշտպանությունը պետական իշխանության առանցքային պարտականություններից է»,- նշել է Կարեն Կարապետյանը: 


Վարչապետի խոսքով, հանրապետական գործադիր մարմինների գործողությունները մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առավել համակարգված և արդյունավետ դարձնելու նպատակով՝ կառավարության կողմից 2017 թվականի մայիսի 4-ին հաստատվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019թթ. գործողությունների ծրագիրը, որում սահմանված են 96 գործողություն և յուրաքանչյուր գործողության իրականացման հստակ ժամանակացույցը, չափանիշները, ակնկալվող արդյունքը և պատասխանատու մարմինները: Բացի դրանից, ծրագրի մշտադիտարկման և համակարգման նպատակով ստեղծվել է համակարգող խորհուրդ, որը բաղկացած է կառավարության տարբեր օղակների և պետական մարմինների ներկայացուցիչներից: 

 

Սկզբնաղբյուրը՝ http://gov.am/am/news/item/13092/