Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է Ինդոնեզիայի Ներկայացուցիչների պալատի պատվիրակությանը

01/09/2017

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը սեպտեմբերի 1-ին ընդունել է Ինդոնեզիայի Հանրապետության խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ Ֆադլի Զոնի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին Արդարադատության նախարարությունում՝ փոխնախարար Վիգեն Քոչարյանը կարևորել է երկու երկրների միջև կառուցողական հարաբերությունները և հույս հայտնել, որ նման  շփումները կնպաստեն նաև իրավական ոլորտում համագործակցության հետագա զարգացմանը։

Ներկայացնելով արդարադատության ոլորտում իրականացվող աշխատանքները՝ Վիգեն Քոչարյանն անդրադարձել է սահմանադրական բարեփոխումներին հաջորդած օրենսդրական գործընթացներին և կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ ձեռնակվող քայլերին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, որոնց թվում էին դատաիրավական ոլորտի բարեփոխումները, մարդու իրավունքների պաշտպանության և քրեակատարողական ոլորտներում իրականացվող ծրագրերը: