Միջազգային գործընկերների հետ քննարկվել է արդարադատության ոլորտի բարեփոխումներին միտված ծրագրերի համատեղ իրականացման հնարավորությունը
29/09/2017
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր հանդիպել է ՀՀ-ում գործող միջազգային կառույցների ղեկավարների ու ներկայացուցիչների հետ և քննարկել ոլորտի բարեփոխմանն ուղղված ծրագրերի համատեղ իրականացմանը վերաբերող մի շարք հարցեր:
Նախարարը շնորհակալություն է հայտնել ներկաներին դոնորների համակարգող խմբի հերթական հանդիպմանը մասնակցելու համար և նշել, որ ՀՀ կառավարությունն ու Արդարադատության նախարարությունը բարձր են գնահատում միջազգային գործընկերների ներգրավվածությունը բարեփոխումների յուրաքանչյուր ոլորտում:
Նախարար Հարությունյանի խոսքով, Արդարադատության նախարարությունը ներկայում ինտենսիվ զարգացումների ճանապարհին է, երբ պետք է ապահովվեն պատշաճ իրավական հիմքեր՝ կառավարման կիսանախագահական ձևից խորհրդարանականի անցնելու, ավելի անկախ, հաշվետու և արդյունավետ դատական համակարգ, ինչպես նաև որակյալ ու մատչելի հանրային ծառայություններ ունենալու համար:
Նախարարը կրկին շնորհակալություն է հայտնել Հայաստանում ներկայացված միջազգային ակտիվ և հուսալի գործընկերներին տարիներ շարունակ Արդարադատության նախարարությանն աջակցելու համար և նրանց հետ քննարկել Նախարարության առաջնահերթություններն ու առաջիկա բարեփոխումների իրականացումն առավել արդյունավետ դարձնելուն միտված ծրագրերը: