Արդարադատության նախարարի տեղակալը մասնակցել է Արևելյան գործընկերության իրավունքի գերակայության հարցերով հարթակի հանդիպմանը
05/10/2017
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը հոկտեմբերի 4-ից 5-ը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական հանձնաժողովի արդարադատության և սպառողների գլխավոր տնօրինության կողմից կազմակերպված Ժողովրդավարության, արդյունավետ կառավարման և կայունության հարցերով ԱլԳ Առաջին հարթակի հանդիպմանը: Քննարկման առարկա էին արդարադատության ոլորտի բարեփոխումների գործընթացում միջազգային համագործակցության զարգացման և արդյունավետության բարձրացման ուղիները, ԱլԳ երկրների փորձը դատաիրավական բարեփոխումների ոլորտում:
Հանդիպման ընթացքում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալը հանդես է եկել ելույթով` ներկայացնելով արդարադատության արդյունավետության բարձրացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը և ապագայում իրականացման ենթակա արդարադատության ոլորտի բարեփոխումները: Վ. Քոչարյանը անդրադարձել է ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ դատական նոր օրենսգրքի նախագծով ամրագրված իրավակարգավորումներին` մատնանշելով Բարձրագույն դատական խորհրդի` դատարանների և դատավորների անկախությունը երաշխավորող անկախ մարմնի դերը: Նախարարի տեղակալը հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է, որ մշակման փուլում է գտնվում իրավական և դատական բարեփոխումների 2018-2023թթ. նոր գործողությունների ծրագիրը, որը նախատեսվում է ընդունել 2018թ. սկզբին:
Ելույթի ավարտին արդարադատության նախարարի տեղակալը շեշտել է արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացման ընթացքում միջազգային գործընկերների կողմից ցուցաբերած աջակցության կարևորությունը և հետագա արդյունավե տ համագործակցության հույս հայտնել:
Հանդիպման ընթացքում Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչները ողջունել են ԱլԳ երկրների` արդարադատության ոլորտի բարեփոխումներին ուղղված ջանքերը, ինչպես նաև վերահաստատել իրենց պատրաստակամությունը` սատարելու տարածաշրջանում տեղի ունեցող արդարադատության ոլորտի բարեփոխման գործընթացին` քաղաքական աջակցության, փորձագիտական խորհրդատվության և ֆինանսական օժանդակության միջոցով: