Արդարադատության նախարարն ընդունել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Արլեմ Դեզիրին

06/10/2017

 ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Արլեմ Դեզիրի գլխավորած պատվիրակությանը:

 Հանդիպման ընթացքում նախարար Հարությունյանն ու ԵԱՀԿ ներկայացուցիչ Դեզիրը քննարկել են Հայաստանում խոսքի ազատության վիճակը և անդրադարձել  Սահմանադրության 2015 թվականի փոփոխություններով կարծիք արտահայտելու ազատության և տեղեկատվություն ստանալու իրավունքի համար առավել շատ սահմանված երաշխիքներին:

 Նախարարի խոսքով, սահմանադրական փոփոխություններից հետո Արդարադատության նախարարությունը ձեռնամուխ է եղել օրենսդրության համապատասխանեցմանը մայր օրենքին: Այդ համատեքստում նախարար Հարությունյանը գործընկերոջ հետ քննարկել է տեղեկատվության ազատությանը, անձնական տվյալների և լրագրողների իրավունքների պաշտպանությանն ուղղված օրենսդրական բարեփոխումների իրականացման ընթացքն ու կարևորել հավաքների անցկացման ժամանակ հասարակական կարգի պահպանությանը ներգրավված ոստիկանության ծառայողների և լրագրողների համար վերապատրաստման դասընթաց անցկացնելու հարցը:

 ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Արլեմ Դեզիրը նշել է, որ Հայաստանը ԵԱՀԿ լավագույն գործընկերներից է և ընդգծել տեղեկատվության ազատության ոլորտում համագործակցությունն ավելի խորացնելու պատրաստակամությունը:

 Հանդիպման ավարտին  ԵԱՀԿ կողմից տեղեկատվության ազատության ոլորտի բարեփոխմանն ուղղված փորձագիտական կարծիք ու խորհրդատվություն ստանալու պայմանավորվածություն է ձեռք բերվել: