Արդարադատության նախարարի բացման խոսքը՝ «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագծի հանրային քննարկմանը
10/10/2017
Երևանում հոկտեմբերի 9-ին տեղի է ունեցել «Ընտանեկան բռնության դեմ պայքար. իրականացված աշխատանքներ և հետագա քայլեր» թեմայով հանրային քննարկում: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի բացման խոսքը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Հարգելի գործընկերներ,
Տիկնայք և պարոնայք,
Նախ շնորհակալություն նախարարության կոչին արձագանքելու և այսօրվա քննարկմանը մասնակցելու համար: Վստահ եմ, որ այսօրվա քննարկումը բոլորիս համար օգտակար և հետաքրքիր կլինի:
Մինչ օրենքի նախագծի անհրաժեշտությունը ներկայացնելը, թույլ տվեք շնորհակալություն հայտնել հասարակության բոլոր սրտացավ անդամներին, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել այս հարցի կարևորությունը շեշտադրելու և եղած խնդիրներին հնարավոր լուծումներ առաջարկելու համար: Նրանցից շատերը տարիների ընթացքում հետևողակական աշխատանք են տարել նաև տուժողների պաշտպանության համար:
Նախ պետք է շեշտեմ, որ վաղուց հասունացել է նման օրենք ընդունելու հանրային պահանջը: Պաշտոնապես 2012-2016թթ. Ոստիկանության կողմից գրանցվել է ընտանեկան բռնության 3571 դեպք: Ավելին, ՀՀ քննչական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2015 թվականին ընտանեկան բռնության համատեքստում սպանությունները կազմում են հանրապետությունում գրանցված սպանությունների 17 տոկոսը:
Բացի այդ, 2015 թվականի միայն առաջին կիսամյակում անչափահասների սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերով հարուցվել է 38 քրեական գործ, որոնցից 47 տոկոսը գործադրվել է ընտանիքի անդամի կողմից:
2017թ. 1-ին կիսամյակում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում գտնվել է ընտանեկան բռության 215 գործ, որոնցից 5-ը՝ սպանության հանցակազմով:
Հարկ է նաև նկատել, որ ընտանեկան բռնությանն ավանդաբար ներհատուկ է լատենտայնության բարձր մակարդակ: Տուժողների մեծ մասը տարբեր սոցիալ-տնտեսական և մշակութային պատճառներով իրավապահներին չի դիմում: Յուրաքանչյուր սպանության կամ առողջությանը ծանր վնաս պատճառելու գործ քննելիս, որը կատարվել է ընտանիքի անդամների միջև, բացահայտվում է այդ ծանր հանցագործությունների նախորդած ընտանեկան բռնության տևական պատմություն:
Հասարակական կազմակերպությունների տվյալներով միայն կանանց շրջանում ընտանեկան բռնության հետևանքով աջակցության համար իրենց դիմած տուժողների թիվը 2016թ. եղել է շուրջ 5000: Այնուամենայնիվ, գործող օրենսդրությունը չի նախատեսում ընտանեկան բռնությանը համարժեք արձագանքելու, զոհերին պաշտպանելու և աջակցելու, ընտանեկան բռնությունը կանխարգելելու արդյունավետ և բավարար գործիքակազմ:
Նման գործառույթներ իրականացնող պետական մարմինների գործունեությունը չի ենթարկվում համակարգային կարգավորման, չի վարվում ընտանեկան բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառում, ոլորտում առկա են մի շարք այլ բացեր ևս: Ընտանեկան բռնության մի շարք մահացու ելքերով դեպքեր հնարավոր կլիներ կանխել, եթե ունենայինք այդ պաշտպանական մեխանիզմները:
Օրենքի ընդունումը նախատեսված է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրով, ինչպես նաև Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի կոնվենցիայով և կոմիտեի հանձնարարականներով:
Հարգելի գործընկերներ,
Կցանկանայի հատուկ նշել, թե հատկապես ինչ չի սահմանում նախագիծը.
Նախագիծը չի սահմանում ծնողական իրավունքներից զրկելու, այդ իրավունքները սահմանափակելու կամ երեխաների որդեգրման որևէ նոր հիմք ու կարգ: Այս մասով շարունակում են գործել Ընտանեկան օրենսգրքում ամրագրված կարգավորումները:
Մենք չենք գնացել քրեական պատասխանատվության խստացման ճանապարհով և չենք որդեգրել պատժողական քաղաքականություն: Նախագծի նպատակն է, ինչպես երևում է դրա վերնագրից, կանխարգելել և պաշտպանել: Ուստի, նախատեսվող սահմանափակումները կրում են ոչ թե պատժիչ, այլ կանխարգելիչ բնույթ: Նաև նախատեսված է հաշտարարության և բռնություն գործադրած անձի համար հոգեբանական օգնության հնարավորություն՝ մի կողմից ընտանիքը պահպանելու, մյուս կողմից՝ նոր բռնությունները կանխելու նպատակով:
Նախագիծը նաև սահմանում է՝
- պաշտպանական նոր մեխանիզմներ՝ անհետաձգելի միջամտության և պաշտպանական որոշումների տեսքով:
- տուժողի համար պետության կողմից աջակցության կենտրոնների և ապաստարանների հիմնադրում, աջակցության հաշվեհամարի բացում:
- ընտանեկան բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառում, որի հետևանքով կնվազեցվի դրա լատենտայնությունը և ավելի հստակ պատկերացում կունենանք դրա ծավալների մասին:
- ընտանեկան բռնության կանխարգելման խորհրդի ձևավորում՝ հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության ամուր հիմքերով:
- ոլորտին առնչվող համապատասխան մասնագետների պարբերական վերապատրաստման պահանջ:
Հարգելի ներկաներ,
Օրենքի նախագիծը դրված է եղել հանրային քննարկման е-draft կայքում սեպտեմբերի 19-ից, մենք նախատեսում ենք այսօրվա քննարկման արդյունքներով ամփոփել կարծիքները և այն ներկայացնել ՀՀ կառավարություն: Վստահ եմ, որ նախագծի՝ Ազգային ժողով ներկայացումը չի ուշանա:
Շնորհակալություն»: