Կառավարման գործընթացում էլեկտրոնային տեխնոլոգիաների կիրառումը դրական կանդրադառնա մեր կյանքի գրեթե բոլոր ոլորտներին. Դավիթ Հարությունյան

17/10/2017

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր մասնակցել է «Էլ-կառավարման համակարգերի մշակում արդարադատության ոլորտում» թեմայով շնորհանդեսին, որին ներկա է եղել նաև ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Միջոցառման ընթացքում ներկայացվել են  արդարադատության նախարարության կողմից Եվրոպական միության աջակցությամբ  էլեկտրոնային արդարադատության ոլորտում ներդրված էլեկտրոնային կառավարման  ծրագրերը, որոնք ուղղված են պետության գործունեության թափանցիկության ապահովմանը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, պետական մարմինների կողմից մատուցվող ծառայությունների հասանելիության, որակի և արդյունավետության բարձրացմանը:

Նախարար Դավիթ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությանը և բոլոր գործընկերներին՝ ՀՀ-ի պետական կառավարման համակարգում առանցքային բարեփոխումների իրականացմանը շարունակաբար աջակցելու համար: «Պետական կառավարման համակարգի թվայնացումը, կառավարման գործընթացում էլեկտրոնային տեխնոլոգիաների կիրառումը դրական կանդրադառնա մեր կյանքի գրեթե բոլոր ոլորտներին՝ պետական կառավարման համակարգին, ենթակառուցվածքներին, տնտեսությանը, հասարակական կյանքին, կրթությանը, անվտանգությանը և Հայաստանի մասնակցությամբ ինտեգրացիոն գործընթացներին»,-նշել է նախարարը՝ հավելելով, որ Հայաստանի պետական համակարգի արդիականացումը Կառավարության առաջնահերթություններից է:

Դեսպան Պյոտր Սվիտալսկին դրական է գնահատել ծրագրի արդյունքները և կարևորել էլ-կառավարման կիրառումը՝ կոռուպցիայի և չարաշահումների դեմ պայքարում: ԵՄ պատվիրակության ղեկավարի խոսքով, ծրագրի շնորհիվ Հայաստանում ներդրվում է աշխարհի լավագույն փորձն ու ժամանակակից կառավարումը, որի արդյունքում Հայաստանն առաջատար է դառնում մյուս երկրների՝ անգամ Եվրամիության երկրների նկատմամբ:

Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը վստահեցրել է, որ Նախարարությունը շարունակելու է ջանքեր գործադրել էլեկտրոնային կառավարման գործիքների կիրառմամբ պետական կառավարման համակարգը արդիականացնելու և թափանցիկ, մասնակցային ու արդյունավետ կառավարման համակարգ ձևավորելու ուղղությամբ:

  «Էլ-կառավարման համակարգերի մշակում արդարադատության ոլորտում» թեմայով շնորհանդեսին ներկայացվել են իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական www.e-draft.am կայքը, որն ապահովում է նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ առցանց հանրային քննարկում կազմակերպելու և ներկայացված առաջարկները ամփոփելու գործուն մեխանիզմ՝ ուղղված  պետության իրավաստեղծ գործունեությանը հասարակության մասնակցության ապահովմանը, իրավական ակտերի նախագծերի մշակման առավել բաց, թափանցիկ և հաշվետու գործընթացի կազմակերպմանը, Էլեկտրոնային նոտարի համակարգը, որի արդյունքում ստեղծվել է բոլոր նոտարական փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով գեներացնելու հնարավորություն,  զարգացել է նոտարական ծառայությունների համար նախապես առցանց դիմելու համակարգը, ստեղծվել է առցանց եղանակով նոտարին որոշակի հարցումներ ուղարկելու  հնարավորություն:

Համակցման աշխատանքներ են իրականացվել նաև իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության, ՔԿԱԳ էլեկտրոնային համակարգի, ՀՀ ոստիկանության էլեկտրոնային կառավարման համակարգերի հետ:

Արդարադատության նախարարությունը ներդրել է նաև էլեկտրոնային ապոստիլի www.e-apostille.am համակարգը, որը հնարավորություն է ընձեռում փաստաթղթերն ապոստիլով վավերացնելու դիմումներն ընդունել էլեկտրոնային եղանակով, իսկ ստացված ապոստիլների վավերականությունը                               ստացող պետության իրավասու մարմինը կարող է ստուգել առցանց: