Կամ չեն հասկացել օրենքը,կամ չեն կարդացել. Դավիթ Հարությունյանը Ընտանկենան բռնության կանխարգելման օրենքի մասին
18/10/2017
«Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծի քննարկումներին այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Հարցին՝ այդտեղ որոշակի ուղղորդում կա՞, կառավարությունը կշարունակի՞ պնդել օրենքի ընդունումը՝ Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Կառավարությունը նույն համառությամբ կշարունակի, որովհետեւ խնդիրն առկա է մեր հասարակությունում եւ բնականաբար այն պետք է լուծել: Իսկ ուղղորդում կար, թե ոչ՝ ես չեմ ուզում անգամ գնահատանքի արժանացնել: Կարո՞ղ են լինել մարդիկ, որ կատեգորիկ դեմ արտահայտվեն՝ իհարկե, կարող են եւ դա նորմալ է, իրենք ունեն իրենց իրավունքը:
Իրենք իրավունք չունեն իհարկե խանգարելու բնականոն ընթացքը ցանկացած միջոցառման: Երեկվա միջոցառումը այլ նպատակ էր հետապնդում, դա ընդամենը սկիզբն էր հանրային քննարկումների շարքի: Երեկ նախատեսվում էր, որ իրենք կարող են իրենց հուզող հարցերը տալ եւ լսել մեր արձագանքը, որից հետո կարող են, իհարկե, պատրաստվել, որ հաջորդ փուլում կարողանան ներկայացնել իրենց տեսակետը: Բանն այն է, որ իրենց ելույթներից ակնհայտ երեւում էր, որ կա՛մ չեն հասկացել օրենքը, կա՛մ չեն կարդացել օրենքը: Որոշ հետաքրքիր մտքեր, իհարկե, ելույթներում կային»:
Սկզբնաղբյուրը՝ http://www.aravot.am/2017/10/10/912758/