Արդարադատության նախարարն ընդունել է ԵԽ քաղաքական տնօրինության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը

26/10/2017

 ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ընդունել է ԵԽ քաղաքական տնօրինության ղեկավար Ալեքսանդր Գեսսելի գլխավորած պատվիրակությանը և քննարկել ԵԽ Նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի՝ 2015 թվականի Հայաստան կատարած այցից հետո ՀՀ պարտավորությունների կատարման ուղղությամբ տարված աշխատանքները:

 Հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է Սահմանադրության փոփոխություններից հետո ընդունված սահմանադրական օրենքներին և դրանց մշակման աշխատանքներում կարևորել Վենետիկի հանձնաժողովի հետ ՀՀ արդարադատության նախարարության ակտիվ համագործակցությունը:

 Դատաիրավական բարեփոխումների համատեքստում Դավիթ Հարությունյանը ներկայացրել է Դատական նոր օրենսգրքի նախագծով նախատեսվող կարգավորումները, որոնք ուղղված են անկախ, թափանցիկ ու արդյունավետ դատական համակարգի ամրապնդմանը, ինչպես նաև անդրադարձել է էլեկտրոնային գործիքների ներդրմամբ քաղաքացիներին առցանց պետական ծառայություններ մատուցելու ուղղությամբ կատարվող աշխատանքներին:

 ԵԽ քաղաքական տնօրինության ղեկավարը նշել է, որ Սահմանադրության փոփոխություններից  հետո Հայաստանը մեծ քայլերով է իրականացնում բարեփոխումների գործընթացը և շարունակում է առաջընթաց գրանցել հատկապես  դատաիրավական ոլորտում: Ալեքսանդր Գեսսելը նախարարից հետաքրքրվել է նաև քրեակատարողական ոլորտում իրականացվող բարեփոխումներով, ինչին ի պատասխան Դավիթ Հարությունյանն ընդգծել է 3 ուղղություններով կատարվող աշխատանքները՝ առողջապահական ծառայությունների բարելավում, քրեակատարողական նոր հիմնարկների կառուցման և Պրոբացիոն ծառայության զարգացմանն ուղղված ծրագրերի մշակում:

 Հանդիպման ավարտին կողմերն առավել արդյունավետ համագործակցելու պատրաստակամություն են հայտնել: