Կայացել է հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի տարեկան հաշվետվություն-քննարկումը

30/10/2017

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն այսօր մասնակցել է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի 2016 թվականի գործունեության տարեկան հաշվետվություն-քննարկմանը:

Ողջունելով քննարկման մասնակիցներին՝ Սուրեն Քրմոյանն ընդգծել է, որ քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի ստեղծմամբ ՀՀ արդարադատության նախարարությունը քրեակատարողական հիմնարկներում ներդրել է մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված արդյունավետ մեխանիզմ՝ կատարված աշխատանքների արդյունքները գնահատելու և առկա խնդիրները վերհանելու նպատակով:

Հաշվետվության ընթացքում դիտորդական խմբի անդամները ներկայացրել են 2016 թվականին իրենց կողմից քրեակատարողական հիմնարկներ կատարված 94 այցելությունների արդյունքում արձանագրված խնդիրները ըստ բողոքների առաջնահերթություններով: Ըստ այդմ՝ առողջապահության 48.3%, քրեական գործի ընթացքի 9%, հացադուլի 5.6%, պահման պայմանների 6.2%, անկախ հանձնաժողովի որոշումների 3.9%, սնունդի 3.4%, ինքնավնասման դեպքերի 3.4% և անվտանգության 2.8%: 

Նախընտրելով խոսել «Ոչ թե կանենք, այլ արել ենք» սկզբունքով՝ նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը նշել է, որ դիտորդական խմբի ներկայացրած տվյալները ևս փաստում են, որ քրեակատարողական համակարգի ուղղությամբ Կառավարության քայլերը թիրախային են եղել, և 48,3% բողոքներ գրանցած առողջապահության ուղղությամբ արդեն իսկ կատարվել են հսկայածավալ աշխատանքներ: Այն է՝ 11 քրեակատարողական հիմնարկների բուժմասեր ապահովվել են առողջության առաջնային պահպանման նորագույն սարքավորումներով և բժշկական վերապատրաստում են անցել բժշկական և ոչ բժշկական անձնակազմի 800 աշխատակիցներ: 11 քրեակատարողական հիմնարկներում կատարվել են պահման խցերի և տեսակցության սենյակների վերանորոգման և բարեկարգման աշխատանքներ: Արևային էներգիայի կիրառմամբ և ջերմամեկուսացման աշխատանքների միջոցով քրեակատարողական հիմնարկներում ներդրվել են էներգախնայող արդյունավետ համակարգեր:

Սուրեն Քրմոյանը կարևորել է նաև քրեակատարողական համակարգի բարելավման նպատակով 2018-2038 թվականների 20-ամյա ռազմավարության ծրագիրը, որը ներկայացված է հանրային քննարկման www.e-draft.am հարթակում:

Ամփոփելով խոսքը՝ փոխնախարար Քրմոյանը հավելել է. «Մենք հասել ենք նրան, որ սեղանի շուրջ բաց քննարկում ենք այս ոլորտում առկա խնդիրները և փորձում ենք լուծել դրանք»: