«Կարող ես ունենալ ամենաարդար դատարան, սակայն եթե հանրային ընկալումն այդպիսին չլինի, դա կարժեզրկվի». Դավիթ Հարությունյան
28/11/2017
Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Արդարադատության մոնիթորինգ» ծրագրի թիմի արդյունքների ներկայացմանը ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր խոսեց դատական իշխանության կառուցվածքի ու աշխատաոճի մասին։ Ըստ նրա`ոլորտի այս հարցերը մշտապես կառավարության ուշադրության կենտրոնում են:
«Երբևէ չես կարող վերցնել մի մոդել, որին պատրաստ չես, պետք է մոտենալ քայլ առ քայլ: 2005 թվականի մոդելը էապես առաջընթաց էր արձանագրում 1995 թվականի Սահմանադրության համար և տվեց իր պտուղները: Սակայն, ինչպես բոլոր մոդելները, դրանք սկզբում դառնում են խթան, հետո կաշկանդող: Դրա համար, երբ փոխվեց Սահմանադրությունը, հատուկ ուշադրություն դարձվեց նոր մոդելներին, որոնց պատրաստ ենք»,-ասաց նա:
Խոսելով փաստերի հիման վրա մշակված գործիքների մասին, Արդարադատության նախարարն առաջնահերթ կարևորեց փորձագիտական գիտելիքները, ապա հանրային ընկալումը և նշեց, որ կարող ես ունենալ ամենաարդար դատարան, սակայն եթե հանրային ընկալումն այդպիսին չլինի, ապա դա կարժեզրկվի: Հետազոտության երրորդ պտուղը նա համարեց հանրային կարծիքն ամփոփելու մեթոդաբանությունը:
Սկզբնաղբյուրը ՝ http://www.tert.am/am/news/2017/11/28/Davit-H/2550737