Երևանում տեղի է ունեցել «Երեխաների մասնակցությամբ դատավարական ընթացակարգերի բարելավում» թեմայով քննարկում
05/12/2017
Երևանում դեկտեմբերի 5-ին տեղի է ունեցել «Երեխաների մասնակցությամբ դատավարական ընթացակարգերի բարելավում» թեմայով քննարկում:
«Երեխաների համար արդարադատության մատչելիության ապահովման նպատակով կայուն համագործակցություն» ծրագրի շրջանակում կազմակերպված միջոցառմանը մասնակցել են դատավորներ և դատախազներ:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, կարևորելով նման ձևաչափով հանդիպումների կազմակերպումը, նշել է, որ Հայաստանում անչափահասների գործեր քննող դատավորների մասնագիտական վերապատրաստմանն ուղղված առաջին քայլերը նախաձեռնվել են դեռևս տարիներ առաջ: Միաժամանակ, Սուրեն Քրմոյանն ընդգծել է երեխաների մասնակցությամբ դատավարական ընթացակարգերի բարելավման նպատակով շարունակական քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը: Այդ նպատակով քննարկման ընթացքում ներկայացվել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակում մշակված «Երեխաների մասնակցությամբ դատավարական գործընթացների պրակտիկ ուղեցույց» մասնագիտական ձեռնարկը, որտեղ արտացոլվել են տարբեր կարգավիճակ ունեցող, այդ թվում՝ նաև տուժող և վկա երեխաների հետ կապված վարվելակերպի միջազգային փորձը, ինչպես նաև պրակտիկ խորհուրդներ, այդ թվում՝ հոգեբանական:
Ուղեցույցի վերաբերյալ քննարկման արդյունքում միջոցառման մասնակիցները ներկայացրել են մի շարք առաջարկներ, որոնք ուղղված են եղել պրակտիկայում երեխաների մասնակցությամբ դատավարական ընթացակարգերում առկա բացերը վերացնելուն:
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել ակտիվ քննարկման համար և նշել, որ հնչած առաջարկները կքննարկվեն և անհրաժեշտության դեպքում կզետեղվեն ձեռնարկում: