Զարմանալի չէ, որ որոշ առաջարկություններ կարող են տեղ չգտնել նախագծում. Դ, Հարությունյանը`Հեռուստատեսությանև ռադիոյի մասին օրենքի նախագծի մասին
14/12/2017
ՀՀ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր լրագրողներից մեկի խնդրանքով անդրադարձավ քաղաքացիական հասարակության դժգոհությանը, ըստ որի` Արդարադատության նախարարությունը հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքը մշակել է գաղտագողի պայմաններում, և այս տասը տարիների ընթացքում հնչող իրենց առաջարկությունները ոչ մի կերպ տեղ չեն գտել այդ օրենքի նախագծում:
«Այն, որ որոշ առաջարկություններ կարող են տեղ չգտնել, այստեղ զարմանալու բան չկա, քանի որ, այնուամենայնիվ, նախագիծը մշակողը կառավարությունն է:
Այն, ինչ վերաբերում է գաղտնի պայմաններում մշակելուն, ապա բարձրաձայնեմ, որ այդ նախագիծը մարտ ամսից գտնվում է հանրային կայքում»,-ասաց նա և նշեց, որ www.e-draft.am կայքում ներկայացնում են յուրաքանչյուր նոր օրենսդրական նախաձեռնություն:
«Չգիտես ինչու հանրության բազում անդամներ կարողանում են օգտվել այդ կայքից և իրենց առաջարկությունները ներկայացնել, իսկ շահագրգիռ քաղհասարակության ներկայացուցիչները այդ օրենքի նախագծի վերաբերյալ գեթ մեկ առաջարկություն չեն ներկայացրել հանրային քննարկման ժամանակ»,-ասաց նա: