Արդարադատության նախարարությունը ներկայացրել է էլեկտրոնային ժողովրդավարության և մասնակցության էլեկտրոնային նոր գործիքները
09/02/2018
ՀՀ արդարադատության նախարարությունը փետրվարի 9-ին Հայկական բարեգործական ընդհանուր միությունում ներկայացրել է 2017 թվականին Նախարարության իրականացրած աշխատանքները՝ ուղղված էլեկտրոնային գործիքների միջոցով մասնակցային, վստահելի և թափանցիկ կառավարման համակարգ ձևավորելուն:
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի մշտական համակարգողի պաշտոնակատար Դմիտրի Մարիասին, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը, Կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վահե Ջիլավյանը և այլք:
ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի խոսքով, Հայաստանի պետական կառավարման համակարգի արդիականացումը եղել և շարունակում է մնալ Կառավարության ուշադրության կենտրոնում՝ պատշաճ հետևողականություն ցուցաբերելով նաև էլեկտրոնային ժողովրդավարության, էլեկտրոնային մասնակցային գործիքների ներդրմանը: Անդրադառնալով Եվրոպական միության աջակցությամբ էլեկտրոնային արդարադատության ոլորտում ներդրված և ներկայում հաջողությամբ գործող էլեկտրոնային կառավարման ծրագրերին՝ Արդարադատության նախարարության էլեկտրոնային թեժ գծի www.e-hotline.am- ին և Էլեկտրոնային հարցումների միասնական www.e-request.am կայքին, նախարար Հարությունյանն ընդգծել է, որ դրանք ժողովրդավարության, մասնակցային կառավարման, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված ժամանակակից և ինովացիոն գործիքներ են։
Միջոցառմանը ներկա ԵՄպատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին շնորհավորել է ներկաներին էլեկտրոնային արդարադատության ոլորտում ևս մեկ կարևոր քայլ կատարելու համար և նշել, որ շատ երկրների համար Հայաստանը պետք է օրինակելի լինի, թե ինչպես կարելի է սահմանափակ ֆինանսական ռեսուրսներ ունենալով, շնորհիվ մարդկային կապիտալի, նոր հաջողությունների հասնել:
Միջոցառման ընթացքում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը ներկայացրել է Էլեկտրոնային արդարադատության ոլորտում ներդրված ծրագրերը՝ ուղղված պետության գործունեության թափանցիկության ապահովմանը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, պետական մարմինների կողմից մատուցվող ծառայությունների հասանելիության, որակի և արդյունավետության բարձրացմանը: Փոխնախարարի տեղեկացմամբ, Արդարադատության նախարարությունը գործարկել է թեժ գծի կայքը՝ www.e-hotline.am -ը , որի օգնությամբ ստեղծվել է քաղաքացիների, կազմակերպությունների և այլ շահագրգիռ անձանց կողմից բարձրացված խնդիրներին, բողոքներին և հարցումներին ավելի օպերատիվ արձագանքելու առցանց ճկուն մեխանիզմ:
Սուրեն Քրմոյանը անդրադարձել է նաև վերջերս գործարկված էլեկտրոնային հարցումների միասնական հարթակին՝ www.e-request.am -ին, որը հնարավորություն է ընձեռում առցանց եղանակով ուղարկել դիմում, հարցում կամ բողոք տեղեկատվություն տիրապետող պետական մարմիններին, ստանալ պատասխան ևս առցանց եղանակով միաժամանակ ներկայացնել կարծիք պետական մարմնի կողմից տրամադրված պատասխանի բովանդակության և տրամադրման ժամանակի վերաբերյալ, որի հիման վրա կազմվում է վիճակագրություն:
Էլեկտրոնային ժողովրդավարության լավագույն և հեղափոխական քայլերից մեկը, ըստ Սուրեն Քրմոյանի, իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքի՝ www.e-draft.am –ի գործարկումն էր, հարթակ, որն օրական այցելում է 3000 և ավելի քաղաքացի:
Թվարկված ծրագրերի ստեղծման աշխատանքներին ցուցաբերած շարունակական աջակցության համար փոխնախարարը ևս շնորհակալություն է հայտնել Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակությանը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրին, ինչպես նաև բոլոր գործընկերներին, որոնք աջակցում են Հայաստանում պետական կառավարման համակարգում առանցքային բարեփոխումների իրականացմանը:
Սուրեն Քրմոյանն ընդգծել է, որ Արդարադատության նախարարությունը շարունակելու է ջանքեր գործադրել էլեկտրոնային կառավարման գործիքների կիրառմամբ պետական կառավարման համակարգը արդիականացնելու, թափանցիկ, մասնակցային և արդյունավետ կառավարման համակարգ ձևավորելու ուղղությամբ: