Արդարադատության նախարարն ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին

19/02/2018

 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարտինա Քուիկի գլխավորած պատվիրակությանը:

 Նախարար Հարությունյանը բարձր է գնահատել արդարադատության ոլորտում երկկողմ համագործակցությունը հատկապես ՀՀ-ԵԽ գործողությունների ծրագրի իրականացման համատեքստում և ընդգծել, որ փոխգործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա:

 Դեսպան Մարտինա Քուիկը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և հետաքրքրվել համագործակցության հնարավոր ծրագրերով ու Նախարարության առաջնահերթություններով:

 Դեսպանի հետ զրույցում Դավիթ Հարությունյանն անդրադարձել է պրոբացիոն ծառայության կարողություններին, անչափահասների արդարադատությանն ու ՔԿՀ-ներում առողջապահական ոլորտի զարգացմանը վերաբերող մի շարք հարցերի, ինչպես նաև քննարկել Շվեդիայի կողմից տարածաշրջանում իրականացվող ծրագրերին Հայաստանի մասնակցությունն առավել ակտիվացնելուն ուղղված հնարավորությունները: