Հանրային քննարկում՝ «Ազգային փոքրամասնությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
05/03/2018
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը մարտի 2-ին աշխատանքային քննարկում է անցկացրել ՀՀ նախագահի աշխատակազմին կից ՀՀ ազգային փոքրամասնությունների ազգային-մշակութային կազմակերպությունների գործունեությունը համակարգող խորհրդի անդամների հետ «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագծի վերաբերյալ:
Նախարարի տեղակալ Վ. Քոչարյանը, հանդիպմանը ներկա ազգային փոքրամասնությունների շուրջ երկու տասնյակ ներկայացուցիչներին ներկայացնելով նախագծի հիմնական դրույթները, ընդգծել է, որ օրենքն ուղղված է համակարգված ծևով ամրագրելու ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների իրականացման մեխանիզմները և դրա ընդունումը բխում է նոր Սահմանադրության պահանջից: Փոխնախարարի խոսքով՝ օրենքի ընդունման նպատակն է հստակեցնել ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց շրջանակը, սահմանել ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց հիմնական իրավունքները, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների խնդիրները դրանց իրականացման ապահովման գործում, ինչպես նաև կազմավորել ազգային փոքրամասնություններին հուզող հարցերի քննարկման խորհրդակցական մարմին։
Այնուհետև, փոխնախարար Քոչարյանը պատասխանել է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հարցերին, մանրամասն մեկնաբանել է օրենքի նախագծի առանձին դրույթները, այդ թվում՝ խորհրդակցական մարմնի ձևավորման կարգի և կարգավիճակի վերաբերյալ:
Ամփոփելով քննարկումը՝ Վիգեն Քոչարյանը կարևորել է օրենքի նախագծի վերաբերյալ ազգային փոքրամասնությունների կարծիքներն ու առաջարկները և հորդորել նրանց ներկայացնել արաջարկներ (https://www.e-draft.am/projects/770) իրավական ակտերի նախագծերի միասնական հարթակում ներկայացված նախագծի վերաբերյալ: