Սնանկության հարցերում նախատեսվող բարեփոխումները բարձրացնելու են կառավարիչների արդյունավետությունը
12/04/2018
ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարարությունը հանրային լայն քննարկման է ներկայացրել ««Սնանկության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով նախատեսում է բարձրացնել սնանկության կառավարիչների գործունեության արդյունավետությունը, հաշվետվողականությունը, ինչպես նաև նրանց պատասխանատվությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի մասնավոր իրավունքի ոլորտի փորձագետ Տիգրան Դադունցը նշեց, որ նախագծի առաջնային նպատակներից է բարելավել Հայաստանի դիրքերը Համաշխարհային Բանկի Doing business զեկույցի սնանկության ցուցիչով, ինչպես նաև հնարավորինս կրճատել սնանկության վարույթի ժամկետները:
«Այս առումով սնանկության կառավարչի կողմից որոշակի գործողություններ կատարելու համար հստակ ժամկետներ են սահմանվել: Օրինակ՝ գույքագրում, գույքի վաճառք իրականացնելու, ինչպես նաև ֆինանսական վերլուծություն կատարելու մասով: Այսինքն՝ կառավարիչը պետք է ձգտի առավելագույնս սեղմ ժամկետներում կատարել իր պարտականությունները»,- ասաց Դադունցը:
Ըստ փորձագետի՝ սահմանվել են մեխանիզմներ, որոնք կխթանեն սնանկության կառավարչին ավելի սեղմ ժամկետներում ավարտել վարույթը:
«Հաշվի առնելով «Doing business»-ի պահանջները, ըստ որոնց՝ սնանկության վարույթը պետք է քիչ ծախսատար լինի և պարտապանների բեռը՝ թեթև, նախատեսվել է կառավարիչների վարձատրության որոշակի չափով կրճատում, քանզի միջազգային փորձը ցույց է տալիս, որ շատ վարձատրությունը բերում է սնանկության վարույթի ծախսատարության բարձրացմանը: Մյուս կողմից, որպեսզի կառավարիչները շահագրգռված լինեն սնանկության վարույթը արագ և արդյունավետ ավարտել, նախատեսել ենք հավելավճարներ: Օրինակ՝ եթե մեկ տարում կառավարիչը ավարտի սնանկության վարույթը կստանա ֆիքսված հավելավճար, իսկ եթե կառավարչի կողմից պասիվ գործողությունների հետևանքով վարույթը ձգձգվի՝ հավելավճարները կկրճատվեն: Սա ևս մեկ խթան է, որպեսզի կառավարիչը հնարավորինս արագ փորձի վարույթը ավարտել»,- նշեց Դադունցը:
Փորձագետի փոխանցմամբ՝ նախագծով առաջարկվում է նաև ապահովել սնանկության վարույթի թափանցիկությունը և հասանելիությունը:
«Սնանկության կառավարիչը պետք է սնանկության գործը վարի էլեկտրոնային եղանակով և այդ դեպքում նյութերը պետք է հասանելի լինեն թե պարտատերերին, թե պարտապաններին և թե դատարանին: Սա ևս մեկ նորամուծություն է, քանի որ ներկայումս այդ ամենը թղթային եղանակով է իրականացվում»,- ասաց Դադունցը:
Սկզբնաղբյուրը ՝ https://armenpress.am/arm/news/928623/