Սուրեն Քրմոյանը ընդունել է Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) Հարավային Կովկասի բաժնի ղեկավարին
26/04/2018
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն ապրիլի 25-ին ընդունել է Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) Հարավային Կովկասի բաժնի ղեկավար Թերեզա Թալհամերին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են քրեակատարողական համակարգում դատապարտյալների գնահատման ռիսկերի և պահանջմունքների վրա հիմնված գործիքակազմի արդիականացման, վերասոցիալականացման և վերաինտեգրման ծրագրերի ներդրման, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայությունների մատուցման բարելավմանն առնչվող մի շարք հարցեր:
Մասնավորապես՝ նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը ներկայացրել է, որ կառավարության որոշմամբ արդեն իսկ արդիականացվում է քրեակատարողական բժշկական համակարգը: Նախարարի տեղակալը խոսել է նաև Արդարադատության նախարարության կողմից իրականացվող բարեփոխումնների շրջանակներում դատապարտյալների վարքի վրա ներազդելու համար ներդրված անհրաժեշտ լրացուցիչ գործիքակազմի, ինչպես նաև քրեակատարողական համակարգի գործունեության արդյուանվետության համար մոնիթորինգի միջոցով կրկնահանցագործության ցուցանիշները գրանցելու մեխանիզմից: Այս համատեքստում փոխնախարար Քրմոյանը կարևորել է դատապարտյալների համար մշակված վերասոցիալականացման ծրագրերի ստանդարտացմանն ուղղված գերմանական փորձի փոխանակումը և օժանդակությունը: Ի պատասխան՝ Թերեզա Թալհամերը կարևորել է քրեակատարողական հիմնարկներ համատեղ այցելելու և տեղում իրավիճակը գնահատելու անհրաժեշտությունը՝ համատեղ աշխատանքն առավել արդյունավետ ուղղորդելու նպատակով:
Այնուհետև, Սուրեն Քրմոյանն անդրադարձել է քրեակատարողական համակարգում բժշկական ծառայության կառավարմանն առնչվող հարցերին, ընդգծելով հիվանդության պատճառով պատժից վաղաժամկետ ազատման ընթացակարգերի կատարելագործման անհրաժեշտությունը:
Անդրադարձ է կատարվել նաև համատեղ մշակված Քրեակատարողական օրենսգրքին առնչվող մի շարք հարցերի: Հանդիպման ավարտին կողմերը քննարկված բոլոր հարցերի ուղղությամբ շարունակաբար համագործակցելու պատրաստակամություն են հայտնել: