Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտում բարեփոխումները շարունակվում են
07/05/2018
ՀՀ արդարադատության նախարարությունը շարունակում է բարեփոխումները՝ ուղղված քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտին:
2017-2018 թվականներին կատարված աշխատանքները հետևյալն են՝
- 1. Ծննդի և մահվան պետական գրանցման ոլորտում՝ առողջապահական էլեկտրոնային կառավարման ենթահամակարգի և «e-civil» քաղաքացիական կացության ակտերի գրանցման էլեկտրոնային կառավարման համակարգերի համակցման միջոցով պարզեցվել է այս ոլորտի վարչարարությունը՝ հնարավորություն ընձեռելով համապատասխան բժշկական հաստատություններում էլեկտրոնային համակարգի միջոցով լրացնել ծննդի և մահվան մասին բժշական վկայականները: Արդյունքում բացառվում է առողջապահական մարմիններից թղթային եղանակով բժշկական վկայականների ներկայացումը ՔԿԱԳ մարմիններ: ՔԿԱԳ տարածքային մարմին են ներկայացնում բժշկական վկայականի քաղվածքը, իսկ գրանցումը կատարվում է էլեկտրոնային համակարգում արդեն իսկ գեներացված տվյալների հիման վրա:
- 2. 2017 թվականին կատարվել է քաղաքացիական կացության ակտերի գրանցման էլեկտրոնային կառավարման «e-civil» համակարգի համակցումը ՀՀ սոցիալական ապահովման ծառայության էլեկտրոնային համակարգի հետ, որի արդյունքում, երեխայի ծնունդը գրանցելիս դիմողին հնարավորություն է ընձեռվել երեխայի ծննդյան միանվագ դրամական նպաստի դիմումը ներկայացնել ծնունդը գրանցող ՔԿԱԳ տարածքային մարմնում: Սույն համակարգերի համակցումը գտնվում է կատարելագործման փուլում և աշխատանքներ են տարվում երրորդ երեխայի ծննդի մասին իրական ռեժիմում տվյալների փոխանակման գործընթացները կարգավորելու նպատակով:
- 3. Վերջնական փուլում է գտնվում քաղաքացիական կացության ակտերի գրանցման էլեկտրոնային կառավարման «e-civil» համակարգի համակցումը ՀՀ արտաքին գործերի նախարարության համակարգում գործող «e-consular» էլեկտրոնային հյուպատոս համակարգի հետ, որի արդյունքում մինչև մայիսի վերջ օտարերկրյա պետություններում օգտվող ՀՀ հյուպատոսական հիմնարկները հնարավորություն կունենա քաղաքացիական կացության ակտերի գրանցման էլեկտրոնային կառավարման «e-civil» համակարգում կատարել իրնեց գրանցումները և ստանալ պահանջող ակտային գրանցումները իրական ռեժիմով, ինչը հնարավորինս կնվազեցնի գործարքներ կատարելու ժամկետները:
- 4. 2018 թվականին ապրիլի 26-ին ՀՀ կառավարության կողմից ընդունվեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 14-ի «Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումների վկայականների լրացման կարգը, դրանց նմուշները և քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման փաստը հաստատող այլ փաստաթղթերի ձևաթղթերի նմուշները հաստատելու մասին» N469-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին որոշման նախագիծը, որի արդյունքում ամբողջովին փոփոխվեց քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին պետական վկայականների ձևանմուշները: Մասնավորապես, այսուհետ, պետական վկայականը ունենալու մեկ ձևանմուշ բոլոր գրանցումների համար, որի սերիան և համարը գեներացվելու մեխանիկորեն «e-civil» համակարգում: Ավելին, վկայականի վրա նաև զետեղվելու է համակարգի միջոցով գեներացվող պետական վկայականի սերիան և համարը, ինչպես նաև իսկության ստուգման համար նախատեսված հատուկ համարանիշը և արագ արձագանքման (տեղեկացման) ծածկագիրը: Սույն փոփոխությունը հնարավորություն կտա հնարավորինս խուսափել պետական վկայականների կեղծումից, հաշվի առնելով այն հանգամանքը, որ համացանցի միջոցով աշխարհի յուրաքանչյուր կետից հնարավոր կլինի ստուգել դրա իսկությունը:
- 5. Հիմք ընդունելով 2018 թվականի ապրիլի 26-ի N495-Ն որոշմամբ հաստատված հավելված 1-ի 5-րդ կետը, ներկայումս նախապատրաստվել է և ՀՀ արդարադատության նախարարի հաստատմանն է ներկայացվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի հուլիսի 2-ի «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման վերաբերյալ վկայականների կրկնօրինակների և տեղեկանքների տրման կարգը և Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մատյանների ձևերը հաստատելու մասին» N 96-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ արդարադատության նախարարի հրամանի նախագիծը, որը հնարավորություն կտա անձին պետական վկայականի կրկնօրինակ կամ տեղեկանք ստանալ յուրաքանչյուր ՔԿԱԳ տարածքային մարմնում, առանց մշտական բնակության վայրի կամ ակտային գրանցման վայրի սահմանափակման:
- 6. ՀՀ արդարադատության նախարարի 2018 թվականի փետրվարի 20-ի թիվ N 65-Ն հրամանով փոփոխություններ կատարվեցին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2007 թվականի մայիսի 14-ի «Քաղաքացիական կացության ակտերի գրանցումների հետ կապված հրահանգչական ցուցումները հաստատելու մասին» N 97-Ն հրամանում, որի արդյունքում հստակեցվեց և պարզեցվեց քաղաքացիական կացության ակտային գրանցումներում փոփոխություններ կատարելու, ինչպես նաև ՀՀ տարածքում մշտապես բնակվող օտարերկրյա քաղաքացիների ամուսնության պատեական գրանցման գործընթացը:
Օտարերկրյա որդեգրման ոլորտ
- ՀՀ արդարադատության նախարարության նախաձեռնությամբ «ՀՀ ընտանեկան օրենսգրքում կատարվել են փոփոխություններ ուղղված օտարերկրյա որդեգրման ոլորտի թափանցիկության ապահովմանը, երեխայի լավագույն շահերի ապահովմանը, երեխայի և որդեգրողի համադրման ինստիտուտի ձևավորմանը, ինչպես նաև հետորդեգրյա վերահսկողության սահմանմանը, որը մինչև 2018 թվականը ՀՀ օրենսդրությամբ սահմանված չի եղել:
- Ընդլայնվել է համագործակցությունը միջազգային կազմակերպությունների հետ, մասնավորապես՝ ՄԱԿ-ի INICEF մանկական հիմնադրամի, օտարերկրյա որդեգրման գործընթացները կանոնակարգող Հաագայի կոնֆերանսի հետ, ինչպես նաև մի շարք պետությունների կենտրոնական մարմինների հետ, որոնց թվում են՝ ԱՄՆ, Իտալիա Հանրապետություն, Շվեյցարիայի, Ֆրանսիայի Հանրապետությունը:
- Մշակում է ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխայի որդեգրման գործընթացը սահմանող ՀՀ կառավարության նոր որոշման նախագիծ, որը կներկայացվի ՀՀ կառավարություն մինչև 2018 թվականի հուլիսի 18-ը:
Երեխայի միջազգային առևանգման ոլորտ
- 1. Ընդլայնվել է համագործակցությունը միջազգային կազմակերպությունների հետ, մասնավորապես՝ երեխայի միջազգային առևանգման գործընթացները կանոնակարգող Հաագայի կոնֆերանսի հետ, ՄԱԿ-ի INICEF մանկական հիմնադրամի, ինչպես նաև IRZ հիմնադրամի հետ: 2018 թվականին նաև ԱՄՆ պետական դեպարտամենտը պաշտոնապես ճանաչեց Հայաստանի Հանրապետությանը որպես գործընկերներ երեխայի միջազգային առևանգման շրջանակներում, ինչը հնարավորություն կտա դիմումներ ընդունել և դրանց համապատասխան ընթացք տալ ԱՄՆ-ից անօրինական տեղափոխված և ՀՀ-ում պահվող և հակառակ ուղղությամբ երեխաների վերադարձի վերաբերյալ:
- 2. Մշակման փուլում է գտնվում «Երեխայի միջազգային առևանգման վարույթի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը կհստակեցնի գործընթացը և դրանում ընդգրկված մասնակիցների պարտականությունները:
ՀՀ պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու ոլորտ
- ՀՀ արդարադատության նախարարությունում ներդրվեց և գործարկվեց «e-apostille» էլեկտրոնային կառավարման համակարգը, որի միջոցով ներկայում ընդունվում են բացառապես բոլոր դիմումները, իրականցվում է վավերացման հետ կապված փաստաթղթաշրջանառությունը և գեներացվում է ապոստիլը՝ հաշվի առնելով գրանցամատյանում առկա կնիքների և ստորագրությունների նմուշները: Գործակալությունը ձեռնամուխ եղավ ստանալ բոլոր այն մարմինների կնիքները և պաշտոնատար անձանց ստորագրությունների ձևանմուշները, որոնց կողմից տրված փաստաթղթերը ենթակա են ապոստիլով վավերացման:
- ՀՀ արդարադատության նախարարի 2017 թվականի նոյեմբերի 24-ի թիվ 592-Ն հրամանով կատարված փոփոխությունների արդյունքում, ՀՀ արդարադատության նախարարության կողմից ապոստիլը դրվում է միայն անգլերեն լեզվով, որը նվազեցրեց պահանջը այն հետագայում թարգմանելու նոտարական կարգով: Բացի այդ, ապոստիլի վրա նաև էլեկտրոնային կառավարման համակագի միջոցով մեխանիկորեն գեներացվում է իսկության ստուգման համար նախատեսված հատուկ համարանիշը և արագ արձագանքման (տեղեկացման) ծածկագիրը: Սույն փոփոխությունը հնարավորություն տվեց հնարավորինս խուսափել ապոստիլի կեղծումից, հաշվի առնելով այն հանգամանքը, որ համացանցի միջոցով աշխարհի յուրաքանչյուր կետից հնարավոր է ստուգել դրա իսկությունը: