Դատարանների և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջև փաստաթղթերի փոխանցման էլեկտրոնային համակարգ է ներդրվել

07/05/2018

Էլեկտրոնային արդարադատության գործիքակազմի շարունակական զարգացման և արդիականացման ծրագրի շրջանակներում  ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել և ներդրվել է դատարանների և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջև էլեկտրոնային եղանակով օրենքով սահմանված փաստաթղթերը ներկայացնելու կարգ և էլեկտրոնային ծրագիր: Այն ապահովում է գործին մասնակցող անձանց կողմից փաստաթղթերի` դատարան ներկայացնելու գործընթացի առավել դյուրին և արդյունավետ մեխանիզմ:         

Նախկինում  դատարանների և Հարկադիր կատարման ծառայության միջև փաստաթղթաշրջանառությունն իրականացվում էր թղթային եղանակով:  Գործին մասնակցող անձինք և դատարանը զրկված էին փաստաթղթերի էլեկտրոնային ներկայացման ընթացակարգի հնարավորությունից, ինչը մի շարք դեպքերում գործին մասնակցող անձանց համար առաջացնում էր անհարմարություններ, ինչպես նաև երկարում էր համապատասխան կատարողական թերթի հիման վրա դատարանի վճռի կատարոււմը, ավելանում էր վարչարարությունը:

Վերը նշված փոփոխությունների արդյունքում հնարավորություն է ստեղծվել  դատարանի կողմից կատարողական թերթը էլեկտրոնային եղանակով փոխանցել Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն, ինչը էապես կրճատել է թղթային փաստաթղթաշրջանառությունը դատական գործընթացներում:

Արդարադատության նախարարությունը դատական իշխանության հետ համատեղ շարունակելու է ջանքեր գործադրել՝ էլեկտրոնային գործիքների ներդրմամբ դատարանների գործունեության արդյունավետությունը բարելավելու, դատական գործերի քննության ժաամկետները կրճատելու ուղղությամբ: