Արդարադատության նախարարը ԵՄ ներկայացուցչի հետ քննարկել է ոլորտում բարեփոխումներ իրականացնելու վերաբերյալ մի շարք հարցեր

17/05/2018

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության արևելյան գործընկերության դեպարտամենտի ղեկավար Դիրկ Շուբելի գլխավորած պատվիրակությանը:

Եվրամիության ներկայացուցիչը շնորհավորել է Արտակ Զեյնալյանին արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և վերահաստատել ԵՄ պատրաստակամությունը Հայաստանի նոր կառավարությանն աջակցելու հարցում: Նրա խոսքով, նախօրեին տեղի ունեցած Մարդու իրավունքների պաշտպանության թեմայով երկխոսությունն ու այսօր կայացած ՀՀ-ԵՄ ենթակոմիտեի 9-րդ նիստը վկայությունն են այն փաստի, որ ԵՄ-ն աջակցում է ոչ թե անձերին կամ կառավարություններին, այլ հայ ժողովրդին:

Նախարար Զեյնալյանը նշել է, որ ՀՀ-ում տեղի ունեցած փոփոխությունները բարձրացրել են պաշտոնատար անձանց պատասխանատվությունը՝ արդարացնելու ժողովրդի՝ նոր Կառավարության հետ կապված ակնկալիքները, ինչպես նաև հաստատել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը ավելի մեծ հետևողականությամբ իրականացնելու ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունները, այդ թվում Հայաստանի և Եվրամիության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև դատաիրավական ոլորտում բարեփոխումներ իրականացնելու հարցերին և կարևորել ընտրական գործընթացների նկատմամբ հասարակության վստահության բարձրացմանն ուղվված հրատապ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը: