Նախարար Զեյնալյան. «Բոլորը պետք է զրոյական հանդուրժողականություն դրսևորեն կոռուպցիոն երևույթների նկատմամբ»
18/05/2018
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր մասնակցել է «Կոռուպցիայի դեմ պայքարի արդի մարտահրավերներն ու առաջիկա անելիքները» խորագրով հակակոռուպցիոն աշխատաժողովին: Միջոցառումն իրականացվել է «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում:
Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ Նախագահի խորհրդական, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Թևան Պողոսյանը, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ, Ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը, այլք:
Նախարար Զեյնալյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը քաջ գիտակցում է կոռուպցիայի վտանգավորությունը և անդառնալի ազդեցությունը իրավունքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության, տնտեսության զարգացման վրա:
«Մենք բոլորս գործնականում ականատես ենք եղել կոռուպցիայի ազդեցությանը մեր տնտեսության, ժողովրդագրական պատկերի վրա: Ուստի, հարկ եմ համարում ազդարարել, որ կոռուպցիայի դեմ պայքարն այսուհետ թևակոխում է նոր՝ առավել թիրախավորված, վճռական փուլ: Ընդ որում, ժողովրդավարության վերելքի և հանրային իշխանության նկատմամբ հասարակության վստահության աննախադեպ բարձր մակարդակի այս փուլում հավասարապես կարևորվում է բոլոր կողմերի, այն է՝ պետական իշխանության բոլոր օղակների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, գործարար ոլորտի, միջազգային կազմակերպությունների, զանգվածային լրատվական միջոցների ջանքերի մեկտեղումն՝ ուղղված ընդհանուր նպատակը կյանքի կոչելուն»,-ասել է Արտակ Զեյնալյանը:
Այս համատեքստում, արդարադատության նախարարը նաև ընդգծել է, որ բոլորը պետք է զրոյական հանդուրժողականություն դրսևորեն կոռուպցիոն երևույթների նկատմամբ, ինչպես որ անհանդուրժող եղել են այլ բացասական երևույթների նկատմամբ:
«Երկրում տեղի ունեցած փոփոխությունը պետք է իրականացվի և դրսևորվի բոլորիս վարքագծի մեջ»,-հավելել է Զեյնալյանը:
Քննարկման ավարտին, արդարադատության նախարարը նաև բարձր է գնահատել նման հանդիպումները և նկատել, որ դրանք չափազանց կարևոր դեր ունեն հակակոռուպցիոն գործընթացները հաջողելու և արդի մարտահրավերներին համատեղ ուժերով դիմակայելու և դրանք հաղթահարելու հարցում։
Աշխատաժողովին հաջորդել է երկխոսություն ոլորտի տարբեր ներկայացուցիչների հետ: