Արդարադատության նախարարը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է համագործակցությունը խորացնելուն ուղղված մի շարք հարցեր
22/05/2018
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը մայիսի 22-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփի գլխավորած պատվիրակությանը:
Նախարարը բարձր է գնահատել Արդարադատության նախարարության և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի միջև համագործակցության ներկայիս մակարդակն ու ընդգծել, որ համատեղ իրականացվող ծրագրերը շարունակվելու են ավելի մեծ պատասխանատվությամբ: Արտակ Զեյնալյանը նշել է, որ Նախարարության առաջիկա աշխատանքներն ուղղված են լինելու դատական և քրեակատարողական համակարգերի կատարելագործմանը, արդարադատության մատչելիության ապահովմանն ու պետության կողմից մատուցվող ծառայությունները ՀՀ քաղաքացիներին ավելի հասանելի դարձնելուն:
Շոմբի Շարփը ՄԱԿ-ի անունից շնորհավորել է Արտակ Զեյնալյանին նշանակման կապակցությամբ և նախարարի հետ քննարկել ընտրական գործընթացում, կոռուպցիայի դեմ պայքարի, հանրային հատվածում նորարական լուծումների ներդրման և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում ՄԱԿ-ի և ՄԱԶԾ-ի հնարավոր աջակցությանը վերաբերող հարցեր:
Հանդիպման ավարտին արդարադատության նախարարն ու Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը վերահաստատել են վերոնշյալ ոլորտներում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը: